News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է հորդանանահայ հետազոտող և վերլուծաբան Մադլեն և Ամմանի Ալ-Հուսեին կազմակերպության հիմնադիր և գլխավոր տնօրեն Անի Մեծակոբյան քույրերին, ովքեր Հայաստան էին եկել ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով: 

Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքից։ Նախարարը ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կապակցությամբ շնորհավորել է Մեծակոբյան քույրերին՝ նշելով, որ յուրաքանչյուր հայի համար հպարտություն է ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր՝ որտեղ էլ որ նա ապրելիս լինի: Նա նաև հորդորել է, որ լիակատար քաղաքացի դառնալու համար  բնակարան գնեն Հայաստանում:

Մեծակոբյանները տեղեկացրեցին, որ մեծապես հետաքրքրված են Հայաստանով և հայ ժողովրդի պատմությամբ ու ներկայով և փորձում են տարբեր հարթությունների վրա զարգացնել կապերը Հորդանանի և Հայաստանի միջև: Մասնավորապես Մադլենը, ով քաղաքագիտական  և փիլիսոփայական բարձրագույն կրթությունը ստացել է Ուպսալայի (Շվեդիա) համալսարանում և շուտով կունենա գիտությունների դոկտորի աստիճան, բազմաթիվ հետազոտությունների հեղինակ է: Այս տարվա մայիս ամսին մասնակցելով Բեյրութի Հայկազյան համալսարանի կազմակերպած «Հորդանանի հայերը» գիտաժողովին՝ ներկայացրել է «Հորդանանի հայկական սփյուռքը՝ ինտեգրման գործընթացի և հայրենիքի հետ կապերի պահպանման միջև» ուսումնասիրությունը և նպատակ ունի  շարունակել նմանատիպ ուսումնասիրություններն ինչպես սփյուռքում, այնպես էլ Հայաստանում:

Անի Մեծակոբյանը ղեկավարում է սահմանափակ կարողություններով մարդկանց համար նախատեսված առողջական և մշակութային կազմակերպություն, ամուսինը ինժեներ-մեխանիկ է և աշխատում է մեծ ընկերությունում, որի ղեկավարությունը ցանկություն ունի գործարար կապեր հաստատել Հայաստանի հետ: Տիկին Անին նաև հայտնեց, որ, թեև ամուսինը հորդանանցի է, սակայն երեխաները իրենց հայ են զգում և կապված են հայկական ավանդույթներին:

Տպել
Ամենաշատ