News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շատ կուզենայի, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման մեթոդը կիրառվեր նաեւ Ուրուգվայի դպրոցներում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ նշել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարար Լեւոն Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել Ուրուգվայի Հանրապետության իշխանություններին` Հայոց ցեղասպանությունը առաջինը պաշտոնապես ճանաչելու համար: «Տարիներ առաջ Ուրուգվայ կատարած իմ այցից լավ հիշողություններ են մնացել, ուրուգվայցիներն իմ վրա ազատ ու հպարտ մարդկանց տպավորություն են թողել եւ հավանաբար այդ ազատությունն է, որ չի կաշկանդել Ուրուգվային Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում առաջամարտիկը լինել: Հիմա ուրախ եմ, որ հայ-ուրուգվայական հարաբերությունները` հատկապես կրթության բնագավառում գործնական հիմքերի վրա են դրվում»,-նշել է նախարարը:

Լեւոն Մկրտչյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ուրուգվայի կրթական համակարգերի համագործակցությանն ուղղված պարոն Մակարյանի ջանքերը, միաժամանակ ցանկություն հայտնելով Ուրուգվայի մասնակցությունն ակտիվացնել ոչ միայն համալսարանական կրթության ոլորտում:

Իր հերթին Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մակարյանը, ով արմատներով հայ է, ողջունելով  Հայաստանի կրթության նախարարին`  մտադրություն է հայտնել կրթության համակարգում հայ-ուրուգվայական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ: «Ես շատ տպավորված եմ Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման մեթոդից եւ շատ կուզենայի, որ այն կիրառվեր նաեւ Ուրուգվայի դպրոցներում: Որքան տեղեկացա շախմատի մեթոդական ծրագրերը դեռեւս կան միայն հայերեն եւ ռուսերեն, ցանկալի կլիներ,  որ դրանք նաեւ այլ լեզուներով թարգմանվեին», - նշել է Ռոբերտո Մակարյանը:

Նրա խոսքերով վերջին տարիներին  ակտիվացել են շփումները  Ուրուգվայի հայ համայնքի եւ հայկական դեսպանության հետ: Փոխհարաբերությունների ակտիվացման շնորհիվ նախաձեռնություն է առաջացել Ուրուգվայի պետական համալսարանում բացել հայագիտական ամբիոն: Նախարար Լեւոն Մկրտչյանը ողջունելով նախաձեռնությունը` շեշտել է, որ նախարարությունը  պատրաստակամ է բոլոր հարցերում աջակցություն ցուցաբերել Ուրուգվայի համալսարանում հայագիտական կենտրոնի հիմնադրմանը. "Մենք կարող ենք համապատասխան մասնագետների եւ ծրագրերի փոխանակում կատարել, ինչպես նաեւ փոխանցել օտարերկրյա համալսարանների նմանատիպ ամբիոնների պատմությունն ու գործունեության փորձը",- նշել է Լեւոն Մկրտչյանը:

Հանդիպման ընթացքում հյուրը ներկայացրել է նաեւ Ուրուգվայի պետական համալսարանի կառավարման համակարգը` նշելով, որ ռեկտորի պաշտոնը, որը պետության 20 կարեւորագույն պաշտոնների շարքում է, ընտրվում է համալսարանի աշխատակիցների, ուսանողների եւ շրջանավարտների ներկայացուցիչների կողմից: Թեպետ համալսարանի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից, բայց այն կառավարությունից անկախ է:

Այցի շրջանակում նախատեսվում է նաեւ այցելություններ Մատենադարան, Երեւանի պետական համալսարան եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Տպել
Ամենաշատ