News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Շուտով Լոռին ու Չանախը մրցակիցներ կունենան. Հայաստանում կարտադրվի Գուդա, Ֆետա եւ Ռոքֆոր տեսակի պանիր:

Հայաստանի հատկապես լեռնային շրջաններում արտադրվող կաթն իր յուղայնությամբ համապատասխանում է ոչ միայն ավանդական Լոռի ու Չանախ պանիրներ արտադրելու չափանիշներին, այլեւ ունի բոլոր հատկանիշները եվրոպական բարձրարժեք, օրինակ՝ Գուդա, Ֆետա եւ Ռոքֆոր տեսակի պանիրների հումք հանդիսանալու համար: Հայկական պանրի շուկան այսօր լճացած վիճակում է: Նախ՝ արտադրվող պանրի քանակը չափազանց շատ է, երկրորդ՝ ֆերմերներն ունեն ժամանակակից սարքավորումների կարիք, եւ երրորդ՝ շուկայի համար ներկայանալի տեսքի եւ փաթեթավորման բացակայությունը զրկում է արտադրողներին շուկայում ավելի նպաստավոր դիրքում հայտնվելուց:

Եվրոպական միության նպատակը Հայաստանի գյուղատնտեսության չիրացված ներուժը բացահայտելն է: Այդ խնդիրն է իր առջեւ դրել 2015 թվականի հունվարին մեկնարկած ԵՄ ENPARD (ԵՀԳԳԶԾ) գյուղատնտեսական ծրագիրը: Ծրագրի անմիջական ֆինանսական օգնության եւ տեխնիկական աջակցության շնորհիվ Հայաստանի Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում հիմնվել է եվրոպական բարձրարժեք պանրի 6 արտադրամաս: Եվրոպական միությունն արդեն տրամադրել է ֆերմերներին բոլոր անհրաժեշտ սարքավորումները, եւ մինչեւ տարեվերջ հայ ֆերմերները կկարողանան կաթը խոշոր արտադրողներին հանձնելու փոխարեն վերամշակել իրենց արտադրամասերում եւ ներկայանալ շուկայում իրենց արտադրած եվրոպական պանրի տեսականիով: Ծրագիրը նրանց օգնել է գրանցել կոոպերատիվները, կաջակցի նաեւ իրացման հարցում:

Սեպտեմբերի 28-ին այդ արտադրամասերից մեկը, որը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում է, հյուրընկալել էր ENPARD Վրաստանի եւ Մոլդովայի փորձագետներին, որոնք Հայաստան էին այցելել հայ գործընկերների ձեռքբերումներին, կատարված աշխատանքին եւ արդյունքներին տեղում ծանոթանալու, ինչպես նաեւ փորձով կիսվելու համար:

Մեծ Մանթաշի բարձրարժեք պանրի արտադրության կոոպերատիվն ունի 5 անդամ, ովքեր զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ: Հողագործության համար նրանք իրենց տրամադրության տակ ունեն շուրջ 5 հեկտար վարելահող, որից 3 հեկտարն օգտագործվում է գարու, եւ 2 հեկտարը` ցորենի մշակման  համար: Անասնապահության համար խմբի անդամներն ունեն փոքր ֆերմերային տնտեսություններ, որի արդյունքում տարեկան արտադրվում է շուրջ 100 տոննա կաթ: Խումբը նպատակ ունի ավելացնելու արտադրվող կաթի ծավալները եւ ընդլայնելու գործունեությունը` ENPARD-ի աջակցությամբ բարձրարժեք պանրի արտադրամաս ստեղծելու միջոցով:

ENPARD ծրագրի շնորհիվ Հայաստանում ստեղծվել է նաեւ հնդկացորեն արտադրող 34 կոոպերատիվ, որոնց տրամադրվել է սերմ եւ պարարտանյութ: Ֆերմերները մշակել են շուրջ 550 հա հողատարածք եւ 1 հա-ից միջինում ստացել 1.5-2 տոննա հնդկացորեն: Կառուցվում են եւ շուտով շահագործման կհանձնվեն հնդկացորենի մշակման 2 գործարաններ Ծովագյուղ եւ Բավրա համայնքներում:

Ոչ ավանդական բանջարեղենի մշակության 4 խումբ ստացել է կաթիլային ոռոգման համակարգով աշխատող թունելային ջերմոցներ, բրոկկոլիի սերմեր եւ գործիքներ: Օգոստոսի ավարտին նրանք արդեն իրականացրել են բերքահավաք եւ վաճառել են ավելի շուրջ 2500 կգ բրոկկոլի:

Ձեւավորվել է չրի ու խոտաբույսերի արտադրության 6 կոոպերատիվ, որոնց տրամադրվել են անհրաժեշտ սարքավորումներ եւ գույք: Ներկայումս ընթանում են արտադրամասերը շահագործման հանձնելու եւ արտադրանք ստանալու աշխատանքները: Մինչեւ տարեվերջ մրգի արտադրության 2 խմբի տրամադրվելու է ագրոտեխնիկա, իսկ հատապտուղների արտադրության 1 խմբի` տնկիներ եւ կաթիլային ոռոգման համակարգեր:

ENPARD Հայաստանի տեխնիկական աջակցության շրջանակում ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը կատարել է կարիքների գնահատման ուսումնասիրություն, ներառյալ՝ ֆերմերների կարիքների մասին ուսումնասիրությունը, անցկացվել է 51 բիզնես դասընթաց Հայաստանի բոլոր մարզերում, որոնց մասնակցել է շուրջ 667 անձ, որոնցից 227-ը` կանայք: Անգլերենի դասընթացներ են կազմակերպվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների համար:

ENPARD ծրագրի նպատակն է գյուղատնտեսության, արտադրող խմբերի եւ  արժեշղթաների կայուն  զարգացումը: Այն իրականացվում է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից: Ծրագրի շրջանակում տրամադրվել է 20 մլն եվրո բյուջետային աջակցություն գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների կայուն եւ համապարփակ զարգացման համար: Միեւնույն ժամանակ 5 մլն եվրո օժանդակություն է ցուցաբերվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տեխնիկական աջակցության, նախարարության հզորությունների եւ Հայաստանում ֆերմերների խմբերի եւ գյուղմթերքի արժեքային շղթաների բարելավման համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Ամենաշատ