News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին իջեցումը կապված չէ Հայաստանի կառավարության փոփոխության հետ: Այս մասին սեպտեմբերի 30-ին Կենտրոնական բանկում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահան Գրիգորյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0,5 տոկոսով, մինչեւ 6,75 տոկոս:

«Մենք նախատեսում էինք, որ որոշումը կարող է այդպիսի մեկնաբանությունների առիթ տալ, բայց նման տրամաբանություն չի եղել»,- հայտարարել է Գրիգորյանը:

Պատճառը Ազգային վիճակագրական վարչության օգոստոսի 20-ի տվյալներն էին՝ 2016-ի հուլիսին 2015-ի հուլիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազման վերաբերյալ (մինուս 4,3 տոկոս): Նվազում է եղել նաեւ օգոստոսին (2015-ի օգոստոսի համեմատ)՝ մինուս 0,5 տոկոս: Այս դինամիկան նկատելիորեն տարբերվում է նախորդ ամիսների աճից, հավելել է նա:

Դրանից զատ, օգոստոսին դեֆլյացիան կազմել է 0,5 տոկոս, արդյունքում 12-ամսյա դեֆլյացիան (այսինքն՝ բացասական ինֆլյացիան – խմբ.) խորացել է մինչեւ 1,9 տոկոս: Իսկ ԿԲ հարցման եւ մշտադիտարկման արդյունքներով՝ դեֆլյացիան սեպտեմբերին եւս կպահպանվի: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ են ընդլայնված միջոցառումներ, որպեսզի ինֆլյացիան մոտենա 4 +/- 1,5 տոկոս նպատակային միջանցքին:

«Կենտրոնական բանկի ծրագրում, որը հրապարակվել է օգոստոսին, մենք նշել ենք, որ լրացուցիչ դեֆլյացիոն վտանգների դեպքում մենք լրացուցիչ միջոցներ կձեռնարկենք: Ներքին հարցումներով մենք այդպիսի վտանգներ տեսնում ենք»,- նշել է Գրիգորյանը:

Այն, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը կապված չէ քաղաքական կոնյունկտուրայի հետ, երեւում է այն հանգամանքից, որ այն յուրահատուկ չէ. վերջին մեկ տարվա ընթացքում դա 9-րդ անգամ է կատարվում: 2015-ի նոյեմբերին տոկոսադրույքն իջեցվել է 0,5 տոկոսով, իսկ դեկտեմբերին՝ 1 տոկոսով, հիշեցնում է ԿԲ ներկայացուցիչը:

«Վերջին շրջանում մենք իջեցնում էինք հիմնականում 0,25 տոկոսային կետով, չնայած, օրինակ, մայիսին իջեցրել ենք 0,5 տոկոսով, որովհետեւ  մայիսին հայտարարվեց գազի սակագների նվազման մասին, եւ դեֆլյացիայի վտանգ էր առաջացել»,- հավելել է նա:

Այժմ Կենտրոնական բանկը մեղմ ֆինանսական քաղաքականություն է վարում, բայց այն ժամանակի մեջ ձգում է, որպեսզի տնտեսությանը ցնցում չպատճառի անորոշությամբ:

Հիշեցնենք, որ Սահմանադրության եւ «Կենտրոնական բանկի մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի ԿԲ-ն կառավարությունից կախված չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ