News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին:

Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ մեծ հպարտություն է, որ բարեկամ Ուրուգվայի կարեւորագույն կրթական հաստատություններից մեկը ղեկավարում է մեր հայրենակիցը, ով նաեւ իր տեսանելի ավանդն է ներդրել այդ երկրի կրթական համակարգի զարգացման գործում եւ մեծ հարգանք է վայելում Ուրուգվայում:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել կրթության ոլորտում հայ-ուրուգվայական համագործակցությունը զարգացնելու հնարավորությունների եւ հեռանկարի մասին: Խոսելով Ռոբերտո Մարկարյանի այցի շրջանակներում Երեւանի պետական համալսարանի եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության համալսարանի միջեւ հոկտեմբերի 3-ին ստորագրվելիք համագործակցության համաձայնագրի մասին՝ ՀՀ Նախագահը եւ Ուրուգվայի Արեւելյան համալսարանի ռեկտորը երկուստեք կարեւորել են Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ կրթական ոլորտում ձեւավորվող արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնելով, որ այն խթան կհանդիսանա երկու երկրների կրթական համակարգերի հետագա փոխգործակցության եւ փոխանակման ծրագրերի համար:

Անդրադառնալով փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերություններին՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ միջպետական կապերի սերտացման եւ երկու երկրների միջեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ակտիվացման գործում մեծապես կարեւոր է Ուրուգվայի հայ համայնքի դերը:

Նախագահը ջերմությամբ է հիշել 2014թ. հուլիսին Ուրուգվայ կատարած իր այցը եւ երկրի բարձր ղեկավարության հետ ունեցած հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում եւ բարձր է գնահատում Ուրուգվայի կողմից ավելի քան 50 տարի առաջ Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչելու փաստը եւ շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի կառավարությանն ու ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Ուրուգվայում պետական մակարդակով նշելու համար:

Ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը նշել է, թե հետաքրքրված է նաեւ Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման մեթոդով եւ ցանկություն ունի հայկական փորձը կիրառել Ուրուգվայի դպրոցներում, որի նպատակով վաղը Ծաղկաձորում կայանալիք միջազգային կոնֆերանսի շրջանակներում հանդիպում է ունենալու հայ շախմատիստների հետ:

ՀՀ Նախագահը եւ ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը մտքեր են փոխանակել նաեւ համահայկական նշանակություն ունեցող հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ