News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 8-ը սեւ տառերով գրվեց հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Սա պատմության մեջ տնային ամենացավալի պարտությունն էր: Եղել է նաեւ Գերմանիայից պարտություն  1-5, բայց այն խաղում գոնե գոլ խփեցինք ու խաղում էինք Եվրոպայի չեմպիոնի հետ: Ռումինիայի հետ խաղից հետո բոլորը սկսեցին պահանջել հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի եւ ֆեդերացիայի նախագահի հրաժարականը: Իսկ այն, ինչ կատարվում էր երեկ ինտերնետային հարթակում ուղղակի կարելի է մեկ բառով անվանել՝ ողբերգություն:

Երեկ Երեւանի ծննդյան օրն էր, մարդիկ հիասթափված դուրս էին գալիս մարզադաշտից, իսկ հեռու հեռվում երկինքը գունավորում էր հրավառությունը…

Հայաստանի ջախջախիչ պարտությունը ռումինացիներից, իրականում,  արտացոլում է այսօրվա հայկական ֆուտբոլի իրականությունը: Իրական պատճառը ոչ թե ֆուտբոլիստների մարզավիճակն ու վնասվածքներն են, կամ հավաքականի մակարդակին չհամապատասխանող մարզիչը, այլ շատ ավելի վերեւ ու խորքային է:

Այն որ հավաքականի խաղը տարեցտարի անկում է ապրում տեսնում ու հասկանում է նաեւ վեց տարեկան երեխան: Բայց հավաքականի սրընթաց անկումը սկսեց մեկ տարի առաջ: Եթե մենք պարտվում էինք նաեւ Մինասյանի ու Շալանդի օրոք, ապա այն ժամանակ կարող ենք ասել, որ գոնե խաղ ունեինք ու ինչ-որ մարտավարություն: Իսկ տնային խաղը սերբերի դեմ, երբ մեր թիմը խաղում էր առանց առաջատարների, կարելի է համարել լավագույներից մեկը մեր պատմության մեջ: Վերջին անգամ հավաքականը չեմ էլ հիշում, թե երբ է խաղացել տակտիկապես գրագետ ու մտածված խաղ: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը սիրում է օրինակ բերել Գվատեմալայի հետ ընկերական խաղում տարած հաղթանակը եւ այդ խաղի տակտիկան, բայց կներեք սիրողական թիմին 7-1 հաղթելը մեծ հերոսություն չէ: Ֆուտբոլից հասկացող մարդիկ, դեռեւս այդ խաղին մատնանշում էին հավաքականի բացերի ու թույլ տեղերի մասին, լավատեսները, իհարկե, հավատում էին, որ ընտարական փուլում Հայաստանի հավաքականը հաջողություն կունենա:

Լավատեսությունից բացի կա նաեւ ՖԻՖԱ-ի դասկարգման աղյուսակ,որտեղ մեր հավաքականը գլորվել հասել է եսիմ ուր: Լավատեսության պակասի պատճառներից մեկն էլ այն մթնոլորտ է, որը տիրում էր հավաքականի ու նրա շուրջ, որքան էլ ֆուտբոլիստները տեսախցիկի առաջ փորձեն ժպտան եւ ասեն անգիր արած՝ ամեն ինչ կանենք, որ հաղթենք բառերը, պարզից էլ պարզ էր, որ նման իրվաիճկաում հաջողությունը անհնար էր:

Սկսենք, նրանից, որ ուղիղ մեկ տարի առաջ այս ժամանակ հավաքականի առաջատար մի քանի ֆուտբոլիստներ ՀՖՖ նախագահի կողմից մեղադրվեցին դավաճանության մեջ: Սկզբից ասվեց, որ ապացույցներ կլինեն, թե ինչպես են ֆուտբոլիստները վաճառել խաղը: Հետո խաղ վաճառելը դարձավ խաղ դավաճանել, ինչը նշանակում էր սրտանց ու հոգով չխաղալ հավաքականի համար: Արդյունքում մի քանի ֆուտբոլիստներ, ում կարելի է համարել  Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստներից, այլեւս չհրավիրվեցին հավաքական, իսկ երկրպագուն էլ մնաց առանց ապացույցների:

Այն, որ ֆուտբոլիստները չեն դավաճանել իրենց թիմին, նրանք հայտնեցին հանրահայտ  «9-ի նամակում», որտեղ առաջատար ֆուտբոլիստները հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, որ բոլոր մեղադրանքները անհիմն են: Անցավ մի քանի ամիս: 9-ից Արզումանյանը հրաժարվեց այլեւս խաղալ հավաքականում, Մովսիսյանին ու Կասպարովին այլեւս չհրավիրեցին: Պարզ չէր Գեւորգ Ղազարյանի կարգավիճակը, իսկ մյուս 5-ը մոռացան ամեն ինչ ու անցան առաջ:

Բայց ինչպես գիտենք, բնության օրենքներից մեկն  այն է, որ այս կյանքում ոչինչ անհիմն չի անցնում: Եթե քո թիմակից ֆուտբոլիստները, որոնք երեկ ազգի կուռքերն էին, իսկ այսօր դավաճան են դառնում, խոսում է այն մասին, որ վաղը նույն բախտին կարող ես արժանանալ նաեւ դու: Եթե ֆուտբոլիստները միշտ ասում էին, որ հավաքականը մի ընտանիք է եւ այսօր այդ ընտանիքի մի քանի անդամ դուրս են նետվում այդ ընտանիքից, ուրեմն ոչ մի պարագայում հետագա լավ մթնոլորտի մասին խոսել չի կարելի:

Այսպես, քայլ առ քայլ հավաքականից վտարվեցին Արթուր Եդիգարյանը, Արտակ Դաշյանը, Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը, Մաուրո Գեւգեոզյանը, հիմա էլ արդեն Արթուր Սարկիսովը, Դավիթ Արշակյանը: Այսօր պարզ դարձավ, որ Լեհաստանի խաղին մասնակցելու համար հավաքական է հրավիրվել Ռուսլան Կորյանը: Հենց այն Ռուսլան Կորյանը, ում մասին Վարուժան Սուքիասյանն ասել էր, որ նա պատրաստ չէ 90 րոպե խաղալ հավաքականում:

Մի քանի օրում Կորյանն աճեց ու արդեն պատրաստ է: Բնականաբար, թե ինչու նա այդպես արեց, Սուքիասյանը կասի, որ Գեղամ Կադիմյանը վնասվածք ստացավ եւ այլն եւ այլն: Բայց մեզ խաբելն այդքան էլ հեշտ չէ: Եկեք չմոռանանք, որ Կորյանը խաղում է Խաբարովսկում եւ Հայաստան գալու համար նրանից կես օրից ավել պահանջվում է միայն ինքնաթիռում անցկացնել, էլ չհաշված պատրաստվելը եւ այլն: Իսկ Կադիմյանը վնասվածք էր ստացել խաղից առաջ: Ստացվում է, որ հավաքից առաջ մարզիչը իր անձնական ամբիցիաներից ելնելով չի հրավիրում լավ մարզավիճակում գտնվող Կորյանին, իսկ հետո հասկանալով իր ամենաթող արարաքների հետագա սարսափելի հետեւանքը, որոշում է կանչել Կորյանին:

Դանիայի հավաքականից կրած պարտությունից հետո արդեն պարզ էր, որ հավաքականը չունի մարտավարություն: Պաշտպանվել, իսկ հետո՞… ով է լինելու այն ֆուտբոլիստը, կամ ֆուտբոլիստները, որոնք փորձելու են գնդակը հասցնել տուգանային: Ի՞նչ նոր բան, ի՞նչ թարմ ուժ է մտցնելու: Արդյունքում նախախաղային մամուլի ասուլիսին մարզիչն ասաց, որ ըստ իրեն, այս կազմը, որը ինչ-որ տեղ փորձարարական է, ավելի լավն է նրանից, որում կարող էին լինել չհրավիրված ֆուտբոլիստները: Հավաքականի խաղի մասին խոսել կարծում եմ իմաստ չկա: Բակային ֆուտբոլում կա մի գոլանի ֆուտբոլ հասկացությունը, երբ խաղացողները քիչ են լինում եւ երեխաները գնդակը ուղարկում են միայն մի ուղղությամբ: Երեկ այդպես էր: Եվ կապ չունի, որ երրորդ րոպեին թիմը մնաց տասը հոգով: Մնալով տասը հոգով՝ մարզիչը պարզվեց չունի, ինչպես ասում են, «պլան Բ-ն»: Այսինքն թիմը չվերադասավորվեց ու տասը րոպեում երեք գոլ ընդունեց:

Խաղից հետո խառը գոտում Մարկոս Պիզելին պատմեց, որ Սուքիասյանը տղաներին ընդմիջմանն ասել էր, որ գոնե մեկ գոլ խփեն: Եվ հենց այդ պատճառով երեւի խաղից հանեց հարձակվողին: Իրականում, հասարակ մարդկանց տրամաբանությունից վեր է հասկանալ այս մարզչի քայլերն ու որոշումները:

Բայց այսքանով ֆուտբոլային մղձավանջը չավարտվեց: Հետխաղյա մամուլի ասուլիսին Վարուժան Սուքիասյանը լրագրողներին մեղադրեց նեգատիվ մթնոլորտ ձեւավորելու մեջ, որն էլ ըստ իրեն ֆուտբոլիստների վնասվաքծքների պատճառն է հանդիսացել: Հավաքականի մարզիչները մինչ այդ էլ փայլել են իրենց ուժեղ մտքերով ասուլիսների ժամանակ, բայց սա իհարկե գլուխգործոցն էր: Գաել Անդոնյանը պարզվեց ոչ մի վնասվածք էլ չէր ստացել, նա սիմուլիացիա էր անում, քանի որ, ըստ Սուքիասյանի, նա իր կոպիտ սխալից հետո չէր ցանկանում խաղալ:

Իսկ հրաժարական տալ Սուքիասյանը չի պատրաստվում: Նա կաներ դա, իհարկե, բայց պետք է թիմի կողքին մնալ ու օգնել նրան… Վարուժան Սուիքասյանին ֆուտոբլասերը առաջին հերթին հիշում է Հայաստանի երիտասարդական հավաքականի հաղթանակով թուրքերի նկատմամբ: Իհարկե, ոչ ոք չի հիշում, որ դրանից հետո երիտասարդական հավաքականը պարտություններ կրեց, իսկ նրա գլխավորած ազգային հավաքականը ոչ մի հաջողություն էլ չգրանցեց: Նա իր անունը հայկական ֆուտբոլի էջերում կերտել էր, որպես թուրքերին հաղթած մարզիչ, իսկ այժմ նրա անունը կգրվի որպես Հայաստանի հավաքականի տնային ամենախայտառակ խաղը ղեկավարած մարդ: Մարդ, որը կազմակերպեց հավաքականի թաղումը, ինչպես գրում էն ինտերնետ-օգտատերերը:

Հատկանշական է, որ մարզադաշտում երկրորդ խաղակեսից սկսած հարավային տրիբունայում նստած երկրպագուները սկսեցին գոռալ «Սուքիասյան հեռացի՛ր», «Մինասյան վերադաձի՛ր» վանկարկումը: Բղավում էր միայն հարավային տրիբունան: Մինչդեռ արեւելյանը պարբերաբար վանկարկում էր «Մովսիսյան» եւ  «Ամոթ», ինչպես նաեւ պահանջում ֆեդերացիայի նախագահի հրաժարականը: Հարավային տրիբունան չէր համակերպվում այդ մտքի հետ ու շարունակում էր պահանջել Սուքիասյանին հեռանալը ու Վարդան Մինասյանի վերադարձը:

Պատկերը կրկրնվում է: Մեկ տարի առաջ մարզադաշտը վանկարկում էր «Հովսեփյան հեռացիր»։ Հովսեփյանը հեռացավ, եկավ Սուքիասյանը: Ի՞նչ փոխվեց: Ոչինչ:

Նշանակում է, որ խնդիրը մարզչի մեջ չէ: Չնայած անկասկած այս մարզիչը ապացուցեց, որ նա չպետք է մնա մեր հավաքականի ղեկին, բայց նրա հեռանալով բան չի փոխվի: Կհեռանա մեկը, կգա մյուսը, իսկ պատկերը գնալով ավելի տխուր կդառնա: Կարելի է լինել լավատես, բայց ի՞նչ հիմքերի վրա: Երբ երիտասարդական հավաքականը ԱՐԴԵՆ պարտվում է Լյուքսեմբուրգին: Ինչպե՞ս կարող է լավ լինել, երբ խաղից առաջ ոստիկանները կրկին բռնություն են գործադրում ֆուտբոլասերների նկատմամբ միայն այն բանի համար, որ ՖԱՖ-ը ցանկանում էր կախել եռագույնը,  որտեղ չկար ոչ մի վիրավորական խոսք, կամ տառ:

Ինչպես կարող է լինել լավատեսություն, երբ լրագրողների գործը ամեն  կերպ փորձում է խոչընդոտել ֆուտբոլի ֆեդերացիան: Մեղադրել ֆուտբոլիստներին ես չեմ ցանկանում: Նրանք խաղացին իրենց ուժերի ներածին չափով: Գլխից վերեւ թռչել չէին կարող: Գուցե գրագետ մարզչի, գրագետ աշխատանքի դեպքում պատկերը այլ լիներ: Ֆուտբոլիստները այսօր գալիս միանում են հավաքականին: Ցանկացածի համար մեծ պատիվ ու հնարավորություն է՝ խաղալ ազգային թիմում: Բայց նրանք էլ բոլորից լավ գիտակցում ու գնահատում են իրականությունը:

Չեն հանդարտվում կրքերը նաեւ Մխիթարյանի գալ-չգալու վերաբերյալ: Արդյունքում ամենից շատ նրա բախտը բերեց, եթե այստեղ կարելի է «բախտ»  բառն օգտագործել: Նա մասնակիցը չեղավ այս ահավոր տեսարանին, որի մասին դեռ երկար խոսվելու է: Երեք օրից մեզ սպասում է Լեհաստանը ու Լեւանդովսկին… տեսնենք` նրանք ինչ կասեն մեզ, հետո էլ Մոնտենեգրոն, որն, ի դեպ, երեկ նույն 5-0 հաշվով հաղթեց ղազախներին:

Մի շարք մարզական լրագրողներ Շալանդի ժամանակ գրում էին, որ պետք է փրկել հայկական ֆուտբոլը: Ինչո՞ւ այս պահին չեն ցանկանում փրկել այն: Սրանից վատ կարո՞ղ է լինել... չնայած ո՞վ գիտի, գուցե եւ կարող է : Իսկ գուցե ժամանակն է եկել, որ հայկական ֆուտբոլի միլիոնավոր երկրպագուներից ներողություն խնդրեն այն մարդիկ, որոնք իսկապես մեղավոր են այս ամենում: Սխալն ընդունելը ամենեւին էլ թուլություն չէ: Եվ թողնեն, որ ֆուտբոլին նվիրյալ ու ֆուտբոլից հասկացող մարդիկ սկսեն աշխատել այստեղ: Այդ դեպքում էլ հայ երկրպագուն կզգա, որ իր հետ գոնե հաշվի են նստում ու իր հույզերը զրոյին հավասար չեն: Այդ դեպքում մարզադաշտը գուցե կրկին սկսի լցվել, իսկ իմ կողքի նստած փոքրիկ երեխան իր հորը չասի՝ պապա էլ չեմ ուզում սա նայեմ, ինձ տուն տար….

Վերա Մատիրոսյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ