Երեւանում անցկացվող Հայաստանում առաջին սպառազինության ArmHiTec – 2016 ցուցահանդեսի շրջանակում իր արտադրանքն է ներկայացրել Իվանովոյի պարաշյուտների գործարանը:
Ինչպես ասել է Իվանովոյի պարաշյուտների գործարանի վաճառքի բաժնի մասնագետ Վլադիմիր Պոտապովը, գործարանի տաղավարում ներկայացված են այսօրվա դրությամբ ամենաարդիական հատուկ նշանակության պարաշյուտային համակարգերը եւ բեռնատար կոնտեյներները:
«Մենք հայկական կողմի հետ պայմանագրեր ենք կնքել, եւ Պաշտպանության նախարարության կարիքների համար պարբերաբար կատարում ենք պարաշյուտադեսանտային տեխնիկայի մատակարարումներ»,- հայտնել է գործարանի ներկայացուցիչը:
Վլադիմիր Պոտապովի խոսքով՝ պարաշյուտադեսանտային տեխնիկայի որոշ տեսակների գծով Իվանովոյի գործարանը մենաշնորհատեր է եւ ԱՊՀ նախկին երկրներում միակ արտադրողն է: «Այդ պատճառով աշխատում ենք բոլոր պատվիրատուների հետ»,- հավելել է Վլադիմիր Պոտապովը:
«Պարաշյուտային թեման զարգանում է Ռուսաստանում եւ արտասահմանում, մենք սեփական նախագծային բյուրո ունենք, հետեւում ենք բոլոր մշակումներին եւ կարծում ենք, որ ժամանակակից պարաշյուտաշինության զարգացմանը համընթաց ենք քայլում: Մատակարարումների ծավալները տարեցտարի մեծանում են»,- եզրափակել է Իվանովոյի պարաշյուտների գործարանի ներկայացուցիչը: