News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջը հոկտեմբերի 14-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով տրվել է Շեֆֆիլդի համալսարանի եւ վերջինիս միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջի կողմից Երեւանում իրականացվելիք Շեֆֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Ողջունելով Շեֆֆիլդի համալսարանի մուտքը Հայաստան` նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է. "Հայ ժողովուրդն իր ձեւավորման առաջին օրվանից կարեւորել է մարդկային ռեսուրսն ու կրթությունը: Համալսարանական կրթությունը մեր ժողովրդի համար շատ կարեւոր նշանակություն ունի երեւի վերջին 200 տարում, քանի որ պետականությունը կորցրած, ցեղասպանության ենթարկված ժողովրդի համար ամենամեծ, կայուն կապիտալը կրթությունն է: Այս մոտեցումը ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում Հայաստանը դարձրեց ամենակրթված տարածքներից մեկը: Անկախության առաջին իսկ տարիներից մեզ համար կարեւորվեց մասնագիտական կրթության ոլորտում "բաց դռների" քաղաքականությունը: Այդ ժամանակ էր, որ բացվեց Ամերիկյան համալսարանը, այնուհետեւ Սլավոնական, Ֆրանսիական համալսարանները, եւ մենք կարողացանք ձեւավորել այն կրթական համակարգը, որն ամբողջությամբ համընկնում է եվրոպական չափանիշներին: Այսօր շատ կարեւոր պահ է, քանի որ բրիտանական հեղինակավոր համալսարաններից մեկը բավականին լուրջ ծրագրով իր ներկայությունն է ամրագրում Հայաստանում: Սա կարող է շատ կարեւոր նշանակություն ունենալ Հայաստանում կրթության որակի բարձրացման առումով, քանի որ այն ձեւաչափը, որը կիրառվելու է Հայաստանում, մեզ համար նորություն է: Հույս ունեմ, որ հաջող փորձից հետո կարող ենք առաջարկներ անել միջազգային հեղինակավոր այլ համալսարանների: Համալսարանական անկախ համակարգի առկայությունը լուրջ ազդակ է երկրի ինքնուրույնության եւ ինքնիշխանության առումով":

Իր հերթին Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջի նախագահ Յաննիս Վերվերիդիսը, շնորհավորելով ներկաներին, հույս է հայտնել, որ Շեֆֆիլդի համալսարանի մուտքն իր օգտակարությամբ կծառայի Հայաստանի բիզնես կրթության ոլորտի զարգացմանը: Նա ընդգծել է, որ Երեւանում սովորողները եվրոպական չափանիշներին համապատասխան կրթություն կստանան: Շեֆֆիլդի համալսարանի մուտքը Հայաստան ողջունել են նաեւ մեր երկրում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնոուրսը եւ Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նէնսի Էվա Վրաիլան:

Նշենք, որ համաձայն հուշագրի` Սիթի քոլեջը 2016 ուսումնական տարվանից սկսած՝ ամեն ուսումնական տարվա համար Հայաստանին կրթաթոշակ է տրամադրելու Երեւանում իրականացվելիք մասնակի Executive MBA ծրագրի համար: Կրթաթոշակ ստացած անձը Շեֆֆիլդի համալսարանի լիիրավ ուսանող է, ով երկու տարվա ընթացքում մասնակցելու է Երեւանում կազմակերպվող դասընթացներին, ինչպես նաեւ մեկական ուսումնական շաբաթվա դասընթացներ է անցնելու Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդի համալսարանում եւ Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող Միջազգային ֆակուլտետում:

Ծրագրի բոլոր թեկնածուները ստանալու են Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդի համալսարանի Master of Business Administration (MBA) աստիճան: Executive MBA ծրագիրն ունի 6 ուղղություն` MBA ընդհանուր կառավարում, MBA մարքեթինգ, MBA Ֆինանսներ, MBA լոգիստիկա, MBA առողջապահության կառավարում, ΜΒΑ մարդկային ռեսուրսների կառավարում: Թեկնածուները միայն մեկ կրթաթոշակի համար կարող են դիմել:

Բրիտանական Շեֆֆիլդի համալսարանն աշխարհի լավագույն 100 համալսարանների շարքում է: Միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջը համալսարանի ակադեմիական ֆակուլտետն է, որը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Ներկայում համալսարանի Executive MBA ծրագիրն իրականացվում է նաեւ Սալոնիկում, Բելգրադում, Բուխարեստում, Կիեւում եւ Սոֆիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ