News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի արդարադատության նախարարությունում հոկտեմբերի 14-ին՝ մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկվել է ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը:

Նախարարությունից NEWS.am_ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ԱՆ աշխատակազմի օրենսդրության վարչության պետ Բագրատ Ղազինյանը, Եվրոպայի խորհրդի եւ Արդարադատության նախարարության այլ ներկայացուցիչներ:

Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ողջունելով ներկաներին իր շնորհակալությունն է հայտնել ՀԿ-ներին՝ նախարարության հետ համագործակցելու եւ օրենքի նախագծի վերաբերյալ  իրենց   առաջարկություններն ու դիտարկումները  ներկայացնելու համար: Վիգեն Քոչարյանը նշել է, որ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը դեռեւս նախնական տարբերակն է եւ աշխատանքային խմբի մշակման առաջին արդյունքն է, որը պետք է քննարկվի նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ. «Մենք պատրաստ ենք ցանկացած առաջարկությունների, որոնք կարող են օգնել այս կամ այն դրույթի բարելավմանը, ինչպես նաեւ ցանկացած երկխոսության»,-նշել է Վ. Քոչարյանը:

Այնուհետեւ, ՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրել են այն դիտարկումները եւ առաջարկությունները, որոնք ցանկանում են, որպեսզի ներառվի նախագծում: Վերջիններս նշել են, որ իրենք եւս ողջունում են, որ նման նախագիծ է մշակվել: ՀԿ անդամները նշել են նաեւ, որ իրենց հիմնական առաջարկությունները առաջիկայում մեկ փաթեթով կներկայացնեն աշխատանքային խմբին:

Հանդիպման ավարտին որոշվել է նախագծի վերջնական լրամշակումից հետո եւս մեկ հանդիպում ունենալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ արդյունքներն ամփոփելու համար:

Տպել
Ամենաշատ