News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը, եթե դատենք նրա հայտարարություններով, ձգտում է չեմպիոն դառնալ սպառազինությունների բազմազանությամբ։ Այս մասին հայտնել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը, NEWS.am –ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական կողմի մշտական հայտարարությունները՝ այս կամ այն երկրից սպառազինություններ գնելու մասին։ Վերջին նման հայտարարությունը արվել էր Պակիստանի վարչապետի Ադրբեջան կատարած այցի ժամանակ։ Այս անգամ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտնել էին բարձրտեխնոլոգիական սպառազինություններ գնելու մտադրության մասին։

«Իրականում սպառազինությունների գնումների մասին բարձրաձայնելուց առաջ Ադրբեջանը լավ կաներ վճարեր արդեն գնածի դիմաց։ Առայժմ Ադրբեջանը չի փակել գոյացած պարտքը»,- նկատեց փորձագետը։ Նրա խոսքով, եթե այնուամենայնիվ Ադրբեջանը այդքան շատ է ուզում Պակիստանից սպառազինություն գնել, ապա դա հնարավոր է, բայց շատ «բայցեր» է պարունակում։ «Պակիստանյան սպառազինությունը զգալիորեն վատն է, դրա համար էլ ավելի էժան է։ Իհարկե եթե Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ ռուսական կամ իսրայելական սպառազինոթյուն գնել, ապա պակիստանյանն էլ կարող է հարմար լինել։ Ճիշտ է, պակիստանյան սպառազինության հուսալիությունը մեծ հարցականի տակ է»,- նկատեց փորձագետը։

«Ռուսական, թուրքական, իսրայելական, հիմա էլ պակիստանյան սպառազինություն։ Նման մոտեցման դեպքում տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը ձգտում է նվաճել չեմպիոնի տիտղոս սպառազինությունների խայտաբղետությամբ», -ամփոփեց Արկադի Գրիգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ