News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Խոշոր վթար Երեւանում: Թբիլիսյան խճուղում իրար են բախվել 46 համարի երթուղու Hyundai մակնիշի ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան: Բախման հետեւանքով ավտոբուսը կողաշրջվել է: Ավտոբուսում, բարեբախտաբար, ուղեւորներ չեն եղել: Ավտոբուսի վարորդը, Mercedes-ի վարորդը եւ ուղեւորը վերակենդանացման բաժանմունքում են: Նրանց վիճակը միջին ծանրության է:

Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարի հետեւանքով տուժածներից 4-ը Ռուսաստանում շարունակում են բուժվել: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, բոլորի մոտ դրական տեղաշարժ կա: Հայաստան տեղափոխված բոլոր տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից: Իսկ վթարի փաստով Ռուսաստանում հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում որպես կասկածյալ հարցաքննվել է «Սկանիա» բեռնատարի վարորդը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը բախվել էր «Սկանիա» բեռնատարին: Վթարի հետեւանքով 5 մարդ է զոհվել. 2-ը Հայաստանի քաղաքացիներ էին, 3-ը՝ Ռուսաստանի:

Սերգեյ Լավրովի հայտարարությունը լայն արձագանք է գտել Հայաստանում: Ռուսաստանի արտգործնախարարը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կապել էր հայ-թուրքական հարաբերությունների հետ: Ըստ Լավրովի՝  Թուրքիան կարող է դրական դերակատարում ունենալ՝ ապահովելով «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ապաշրջափակումը, տարածաշրջանում նորմալ փոխգործակցությունը»: Սա Հայաստանում ընկալվել է որպես ուղերձ, թե Ռուսաստանը ցանկանում է Թուրքիային ներգրավել ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Էդուարդ Շարմազանովը հիշեցրել է, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր չէ, համանախագահը կարող է փոխվել միայն ու միայն կոնսենսուսով, եւ հայկական կողմը երբեք չի համաձայնի դրան:

Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ձեւաչափում Թուրքիայի ներգրավվածությունը բացառում է նաեւ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Իսկ Լավրովի հայտարարության մեջ նա ոչ մի նոր բան չի տեսնում:

Ինչո՞ւ Երեւանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կազմակերպության գլխավոր քարտուղար չընտրվեց: Բորդյուժան ընտրության մասին հայտարարել էր ամիսներ առաջ, հայկական կողմն էլ թեկնածու էր առաջադրել: Այնուամենայնիվ, հարցի քննարկումը հետաձգվեց մինչեւ դեկտեմբեր: Պատճառը, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, պետք է Մոսկվայում փնտրել: Նրա կարծիքով, կա՛մ այդ հարցում տարաձայնություններ կան ՀԱՊԿ երկրների միջեւ, կա՛մ հենց Մոսկվայում:

Իսկ հանրապետական Արտակ Զաքարյանը սա նորմալ է համարում: Նա չի կիսում կարծիքը, որ Ռուսաստանը չի համաձայնել հայկական կողմի ներկայացրած թեկնածուին:

Տիգրան Ուրիխանյանը պաշտոնապես հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը: Կառավարության հրավիրած Ազգային ժողովի նիստի մեկնարկին Գալուստ Սահակյանը հայտարարել է այդ մասին: Հայտարարությունը որոշ պատգամավորների ծափերին է արժանացել:

Հիշեցնենք. Ուրիխանյանը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրել էր հոկտեմբերի 4-ին, իսկ հետ վերցնելու մասին հայտարարել՝ հոկտեմբերի 12-ին: Առաջին իսկ օրից, սակայն, որոշ պատգամավորներ կասկած էին հայտնել, որ նա կհրաժարվի մանդատից, իսկ հրաժարականի դիմումը պարզապես շոու էին անվանել:

Պարզվել են Արցախի դիրքերից մեկում ժամկետային զինծառայող Վահագն Վիրաբյանի սպանության մի շարք հանգամանքներ, կա կասկածյալ, նա ձերբակալված է: Քննչական կոմիտեի տվյալներով՝ մարտական դիրքում հերթապահության նշանակված շարքային Վիրաբյանի ուղղությամբ կրակահերթ է արձակել նույն զորամասի մեկ այլ շարքային զինծառայող՝ իրեն ամրակցված ինքնաձիգից։ Վիրաբյանը դեմքի եւ կրծքավանդակի շրջաններում ստացած հրազենային վնասվածքներից մահացել է: Վահագն Վիրաբյանը Եղվարդից էր, տան միակ արու զավակը: Նա շուտով զորացրվելու էր:

Հալեպում հայ է մահացել: Բերիո թեմի փոխանցմամբ՝ նա Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծության հետեւանքով վիրավորված 35-ամյա Հարութ Ավագյանն է: Այսպիսով, սեպտեմբերի 30-ից սկսված Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ եւ Վիլլաներ թաղամասերի հրթիռակոծություններն արդեն 8 սիրիահայի կյանք են խլել, եւս 13 հայ վիրավոր է:

Իրաքի կառավարական բանակը լայնածավալ գրոհ է սկսել Մոսուլի դեմ՝ քաղաքն «Իսլամական պետության» զինյալներից ազատագրելու համար: Իրաքյան ուժերին եւ քուրդ զինյալներին աջակցում են ամերիկյան զինվորականները: Սա «Իսլամական պետության» վերջին եւ գլխավոր հենակետն է Իրաքում: Մոսուլն «Իսլամական պետության» զինյալների վերահսկողության ներքո է 2014 թվականի հունիսից: ՄԱԿ-ը զգուշացրել էր, որ քաղաքի ազատագրման գործողությունների մարդասիրական հետեւանքները կարող են առնչվել ավելի քան մեկ միլիոն մարդու: Մտավախություն կա, որ խաղաղ բնակիչները կարող են «Իսլամական պետության» զինյալների թիրախ դառնալ:

Հոկտեմբերի 17-ին դոլարն արժեզրկվել է, եվրոն ու ռուբլին՝ նույնպես: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 475 դրամ, եվրոյինը՝ 522, ռուբլունը՝ 7 դրամ 54 լումա, ֆունտինը՝ 578 դրամ։

Դիլիջանում այսօր առաջին ձյունն է տեղացել: Ձայն տեղումներ են գրանցվել նաեւ Վանաձորում: Հոկտեմբերի 18-ին հանրապետության շրջանների մեծ մասում տեղումներ են սպասվում, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի եւ Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյուն: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 15-20 աստիճանով: Երեւանում վաղը սպասվում է թույլ անձրեւ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ