News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Հունաստանի համալսարաններում հունագիտական եւ հայագիտական  կենտրոններ կբացվեն: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ կրթության եւ գիտության  նախարար Լեւոն Մկրտչյանի եւ ՀՀ-ում Հունաստանի դեսպան  Նաֆսիկա-Նենսի Էվա Վրայլայի հանդիպման ժամանակ:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` նախարար Լեւոն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում Հունաստանի հետ մեր հարաբերությունները զարգացման նոր մակարդակ կարձանագրեն եւ այդ համատեքստում` կարեւորել է համագործակցության զարգացմանն ու խորացմանն  ուղղված գործնական քայլերի իրականացումը:

Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Էվա Վրայլան կարեւորել է մեր երկու բարեկամ պետությունների հարաբերությունների դինամիկ զարգացման գործում կրթության դերը:

Հանդիպման հիմնական առանցքում եղել է Հայաստանի  եւ Հունաստանի կառավարությունների  միջեւ 2016-2020թթ. կրթության եւ հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիրը, որի վերաբերյալ փաստաթուղթը ստորագրվել է այս տարվա մարտին Հունաստանում: Համաձայն ծրագրի, համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով, նախատեսվում է ակտիվացնել բարձրագույն եւ հետազոտական հաստատությունների միջեւ հետագա համագործակցությունը, իրականացնել կրթաթոշակների փոխանակում: Հայաստանում հունարենի եւ հունական մշակույթի, իսկ  Հունաստանում հայոց լեզվի եւ մշակույթի տարածման ու զարգացման նպատակով նախատեսվում է համալսարաններում հիմնադրել համապատասխանաբար` հունագիտական եւ հայագիտական  կենտրոններ:

Կողմերի հավաստմամբ` ծրագրի իրականացումը նոր թափ կհաղորդի կրթության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության ամրապնդմանը եւ զարգացմանը: Միաժամանակ, պատրաստակամություն է արտահայտվել ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ՀՀ Ազգային Ժողովի կողմից նշված փաստաթղթի վավերացումը, հնարավոր սեղմ ժամկետումներում, ապահովելու համար:

Տպել
Ամենաշատ