News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փաստաբան Երվանդ Վարոսյանը վերջին օրերի ընթացքում միանգամից երկու հայց է ներկայացրել Փաստաբանների պալատի դեմ՝ պահանջելով կատարել օրենքի պահանջն ու իրեն տրամադրել տեղեկատվություն։ Երկու դեպքում էլ, ըստ Վարոսյանի, Փաստաբանների պալատը խախտել է տեղեկատվություններ ստանալու իր իրավունքը։

Հայցերից մեկով փաստաբանը հիշեցրել է, որ Պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այս տարվա ապրիլի 29-ին ԱՐ հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե 2015թ-ի ընթացքում Փաստաբանների պալատը ստացել է 219 դիմում-բողոք, որոնց քննարկման արդյունքում հարուցվել են 39 կարգապահական վարույթներ։ Մայիսին Վարոսյանը գրավոր դիմել է պալատի նախագահին եւ պահանջել իրեն տրամադրել 2015թ-ի ընթացքում ստացված 180 դիմում-բողոքների պատճենները, որոնց քննարկման արդյունքում կարգապահական վարույթներ չեն հարուցվել, ինչպես նաեւ այդ դիմում-բողոքների քննարկման արդյունքում կայացված որոշումների, դիմումների հեղինակներին առաքված գրությունների պատճենները։ Հունիսին պալատը մերժել էր դիմումը՝ պատճառաբանելով իբր դիմում-բողոքներում առկա է փաստաբանական գաղտնիք, ինչպես նաեւ անձնական տվյալներ եւ այդ հիմքով պահանջվող տեղեկությունները չեն կարող տրամադրվել։

Ըստ Վարոսյանի, նման գործելաոճը ոչ միայն Սահմանադրության եւ օրենքների խախտում է, այլեւ բացահայտ ապօրինություն։ «ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 16.29.-րդ կետի 2-րդ ենթակետը սեւը սպիտակի վրա սահմանում է՝ փաստաբանների պալատի խորհրդի անդամն իրավունք ունի՝ ծանոթանալու փաստաբանների պալատի բոլոր փաստաթղթերին, իսկ նույն կետի 3-րդ ենթակետը սահմանում է, որ փաստաբանների պալատի խորհրդի անդամն իրավունք ունի՝ սպառիչ տեղեկատվություն ստանալ փաստաբանների պալատի գործունեության մասին»,- իր հայցում նշել է Երվանդ Վարոսյանը, որը պալատի խորհրդի անդամ է։ Փաստաբանական գաղտնիքի վերաբերյալ պատճառաբանությանն անդրադառնալով, փաստաբանը նշել է, որ դիմում-բողոքների վրա հարուցված կարգապահական վարույթներով այդ փաստաթղթերը ոչ միայն հասանելի են պալատի խորհրդի անդամներին, այլ նաեւ այդ կարգապահական գործերով իրականացվում է հեռարձակում եւ բոլոր փաստաբանները հնարավորություն ունեն տեղեկանալու այդ, այսպես ասած, «փաստաբանական գաղտնիքներին եւ անձնական տվյալներին»։  «Պատասխանողի նման վարքագիծը ողջամիտ կասկած է հարուցում, որ վերջինս թաքցնում է որոշակի տեղեկություններ, որը կարող է բացասաբար անդրադառնալ Պալատի որոշ ծառայողների նկատմամբ եւ բացահայտել նրանց ընդգծված սուբյեկտիվ շահը կարգապահական գործերով»,- արձանագրել է Երվանդ Վարոսյանը՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանից խնդրելով  պարտավորեցնել պալատին իրեն տրամադրելու 2015թ-ի ընթացքում ստացված 180 դիմում-բողոքների պատճենները, որոնց քննարկման արդյունքում կարգապահական վարույթներ չեն հարուցվել։

Մյուս հայցը եւս վերաբերում է տեղեկատվություն ստանալուն։ Վարոսյանի դեմ Արա Զոհրաբյանի հարուցած կարգապահական վարույթի քննության ընթացքում պարզվել էր, որ փաստաբանի դեմ բացատրագիր գրած միակ անձը՝ Փաստաբանների պալատի մատակարար-պահեստապետը Արա Զոհրաբյանի մորաքրոջ որդին է: Վարոսյանը երեք անգամ գրավոր դիմել էր պալատին՝ տեղեկություն պահանջելով պալատում աշխատող Արա Զոհրաբյանի բոլոր բարեկամների ու հարազատների վերաբերյալ, ներառելով տեղեկություններ այդ անձանց կողմից զբաղեցրած պաշտոնների ու այդ պաշտոններում նշանակվելու համար նրանց ընտրության մեխանիզմի  վերաբերյալ: Վարոսյանի այս պահանջը եւս մերժվել էր։

Բացի այդ, համապատասխան գրություններով, փաստաբանը Պալատից փորձել է պարզել, թե քանիսն են, ովքեր են եւ ինչ գործառույթներ են իրականացնում ամսեկան շուրջ չորս միլիոն դրամ աշխատավարձ ստացող Հանրային պաշտպանի գրասենյակի օժանդակ աշխատակիցները (26 անձ)։ Տեղեկատվություն ստանալու այս փորձը եւս արդյունքի չի հասել: Ըստ դատարան ներկայացված հայցի «առանց համապատասխան տեղեկատվության տիրապետելու, խորհրդի անդամը, ապա նաեւ խորհուրդը իբրեւ մարմին կորցնում են իրենց դերն ու նշանակությունը, վերածվելով Պալատի նախագահի առաջարկները մեխանիկորեն դակողի: Առանց համապատասխան տեղեկատվության տիրապետելու, հնարավոր չէ դատողություններ կատարել Պալատի ֆինանսական ծախսերի արդյունավետության, կոռուպցիոն ռիսկերի բացակայության, այս կամ այն պաշտոնը, լծակը, գործառույթը որեւէ անձի կողմից իր կամ ազգականների շահերին ծառայեցնելու դրսեւորումների բացակայության մասին»:

Ներկայացված հայցի հիմնավորումների մեջ Վարոսյանը նշել է նաեւ, որ նման տեղեկություն ստանալու պարագայում հնարավոր է ներկայացնել նաեւ համապատասխան նյութական միջոցները առավել արդյունավետ ծախսելուն ուղղված կառուցողական առաջարկներ: Օրինակ գերծանրաբեռնված աշխատող հանրային պաշտպաններին համապատասխան տրանսպորտային ծախսերի փոխհատուցում կամ հանրային պաշտպանների՝ այսօր այնքան խիստ անհրաժեշտ, նոր հաստիքների ապահովման վերաբերյալ:

NEWS.am-ի հետ զրույցում Երվանդ Վարոսյանը, Փաստաբանների պալատի նախագահի այս գործելաոճին անդրադառնալով, հույս հայտնեց, որ այս ամենը պարզապես Արա Զոհրաբյանի քմահաճույքն է, եւ փաստաբանների պալատը կամ առանձին պաշտոնյաներ անհրաժեշտություն չունեն տեղեկություններ թաքցնելու։ «Այս հայցերը ցավոք սրտի վերջինը չեն, Փաստաբանների պալատը իմ կողմից տեղեկություն տրամադրելու մասին դիմումների գերակշիռ մասին արձագանքել է մերժմամբ: Անկեղծ ցավ եմ ապրում, երբ ինքս ինձ համար ստիպված եմ արձանագրել, որ Փաստաբանների պալատի գործողություններն ու անգործությունը ստիպված եմ վիճարկել Հայաստանի դատարաններում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ նույն դատարանում քննվում է երկու գործ Վարոսյանի դեմ կարգապահական վարույթներով։ Փաստաբանական պալատը վարույթ էր հարուցել ֆեյսբուքյան գրառման համար, իսկ երկրորդ գործով՝ իբր երկու փաստաբանների վեճի համար։ Ընդ որում, երկրորդ դեպքում վկան միայն եղել է Արա Զոհրաբյանի բարեկամը։

Հ.Գ. NEWS.am-ը բազմիցս անդրադարձել է ՓՊ-ում ստեղծված իրավիճակին, թե ինչպես է Արա Զոհրաբյանը իր նախկին խոսնակի միջոցով հոդվածներ պատվիրել Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի դեմ, ապա տարբեր շինծու ձեւակերպումներով կարգապահական վարույթներ հարուցել։

«Պնդուկի գործ». Փաստաբանը դատի է տվել Փաստաբանական պալատին

Զավեշտ Փաստաբանական պալատում-2. Հաշվեհարդարը շարունակվում է

Զավեշտ Փաստաբանական պալատում. Փաստաբանն ինքն իր դեմ դիմում է ներկայացրել

Զավեշտ Փաստաբանական պալատում. Վարույթ են հարուցել ֆեյսբուքյան գրառման համար 

Ռուբեն Սահակյան. Փաստաբանների պալատում ստեղծված իրավիճակը տհաճ է եւ նման է հետապնդման 

Փաստաբանական պալատում դեռ թեժ է. փաստաբանները հայց են ներկայացրել իրենց դեմ պատվիրված հոդվածների համար 

Հետապնդում փաստաբանների դեմ. Հայտնի է պատվիրատուն 

Պալատում արդեն տեւական ժամանակ տիրում է անառողջ մթնոլորտ

Տպել
Ամենաշատ