News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սարկոզի, Բերլուսկոնի, Թրամփ կամ Պուտին՝ այս քաղաքական գործիչներին անհնար է պատկերացնել գերմանական իրականության մեջ։ Ի՞նչ է կանգնած ցուցադրական առնականության ու անվախության հետեւում՝ հարցնում է Tagesspiegel պարբերականի մշտական հոդվածագիր Գերդ Ապպենցելլերը։

«Ինչո՞ւ են պատկառելի տարիքի տղամարդիկ հակված իրենց այնպես պահել՝ ասես ամբողջ աշխարհին ուզում են ապացուցել իրենց անհաղթելիությունը»- հարցնում է հեղինակը։ Ապպենցելլերը նշում է, որ միջին տարիքի ու նույնիսկ տարեց քաղաքական գործիչները իրենց առնականությունն ու անվախությունն ավել հաճախ են ցուցադրում, քան բիզնեսի ներկայացուցիչները։

 Մինչդեռ հենց քաղաքականության մեջ «համենայն դեպս Գերմանիայում ավելի տեղին է որոշակի զսպվածությունը։ Գերմանիան այդքան շատ օրինակներ չունի քաղաքականության մեջ առնականության ցուցադրական դրսեւորումների առումով։ Գուցե պատմաբան Հերֆրիդ Մյունկլերը իրավացի է, երբ ասում է, որ սկսվել է հետհերոսական դարաշրջան, որում նմանատիպ ցուցադրական դրսեւորումներն այլեւս պատվաբեր չեն համարվում»,- արձանագրում է հեղինակը։

«Իսկ ահա այլ եվրոպական երկրներում իրավիճակը մի փոքր այլ է։ Օրինակ բերենք թեկուզ Նիկոլյա Սարկոզիին, որը որոշակի ճիգերով, բայց ոչ առանց նրբագեղության բարձրանում է պատկառելի չափերի ձիու վրա ու լուսանկարվում անվախ հեծյալի դերում։ Նման բան Գերմանիայում դժվար է պատկերացնելը։ Կամ Սիլվիո Բերլուսկոնին, որն իրեն շրջապատել է վճարված կամ նրա հարստությունից գլուխները կորցրած կանանցով, որոնք կարող էին նրա դստրերը, կամ նույնիսկ թոռնուհիները լինել։ Խստաբարո Գերմանիայի համար նման տեսարանները բոլորովին աներեւակայելի են թվում»։Հեղինակը հիշատակում է նաեւ Վլադիմիր Պուտինին, որը «մերկիրան եւ դեռ բավականին մկանոտ մարմնով լուսանկարվում  ձիուն հեծնած կամ էլ պարտված վագրի կողքին»։ Գերանիայում դժվար թե նման կերպարի երկրպագուներ գտնվեն։

«Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, ապա նրա երբեմն աքլորային վարքագիծը որոշ շրջանակներում գուցեեւ տպավորիչ է համարվում։ Բայց դա, ինչպես եւ Բեռլուսկոնիի դեպքում, արդյունավետ է միայն այն դեպքում, եթե դու մի քանի միլիարդ ունես հաշվիդ վրա։ Եթե դու միջինվիճակագրական սպառող ես, նման վարքագծով կանանց չես գրավի»,- գրում է հեղինակը ու անցնում քաղաքականությամբ զբաղվող կանանց։

«Քաղաքականության եւ տնտեսության մեջ բարձր դիրքերի ու պաշտոնների հասած կանայք այլ կերպ են գործում։ Ավելի խելացի, նուրբ կամ էլ նույնիսկ ավելի շիտակ՝ ինչպես Մարգարեթ Թեթչերը , որը առանց կաշկանդվելու իր պայուսակը հարվածում էր սեղանին ու իր փողերը հետ պահանջում։ Անգելա Մերկելը հակված է իր գործընկերներին հոյւծել փաստարկներով, իսկ ներքաղաքական ընդդիմախոսներին շրջանցել խորամանկությամբ՝ երբ նրանք դա նկատում են՝ արդեն ուշ է լինում։ Կանանց,  ի տարբերություն տղամարդկանց,  ավելի լավ է հաջողվում իրենց ավելի շահեկան լույսի ներքո ներկայացնել։ Կանայք պարզապես իրենց ծաղրանքի առարկա չեն դարձնում»,- ամփոփում է լրագրողը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ