News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական համալսարանի հայագիտության ինստիտուտի հնագիտական հետազոտությունների լաբորատորիան ավելի նման է պահեստի, քան մեր սովորական պատկերացմամբ` գիտական լաբորատորիայի. այստեղ դարակների շարքեր են` իրար վրա դարսված ստվարաթղթե արկղերով, որոնք լի են խեցեբեկորներով:

Եւ դժվար է պատկերացնել, որ այս արկղերի պարունակությունը մոտ երեք հազար տարեկան է, եւ որ որոշ ժամանակ անց այս ամենը կհայտնվի մի որեւէ թանգարանում` ապակու տակ:

Իսկ առայժմ նրանք դարսված են արկղերում եւ սպասում են իրենց ժամին:

Համալսարանական լաբորատորիայի տեխնիկական հնարավորությունները շատ մեծ չեն. մի քանի ձեռքի գործիք, թրծման մի վառարան, որը հնարավորություն է տալիս ստուգելու խեցեղենի որոշ հատկություններ:

Գտածոների իրական տարիքը պարզելու համար հարկ է լինում դիմել արտասահմանցի գործընկերներին, պատմում է Հայկ Ավետիսյանը` ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության եւ ազգագրության ամբիոնի վարիչը:

Որոշ գտածոների, մասնավորապես բուսական եւ կենդանական ծագման, հետազոտություններ այժմ արվում են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսահնագիտության նոր լաբորատորիայում: Բայց մասնագետները մեծ հույս ունեն, որ շուտով ռադիոկարբոնային հետազոտություն եւս հնարավոր կլինի անել այստեղ, չէ որ Հայաստանը նման աշխատանքների անսպառ պաշարով երկիր է:

Հայկ Ավետիսյանը արկղից հանում է վերջին գտածոները` խեցեղեն, սկյութական տիպի նետի սլաք, զարդեղեն` ուրարտական Արամուս ամրոցից: Գտածոները թվագրվում են 8-6 դդ. նախքան Քրիստոսը:

Ապա շարում է իմ առաջ խեցեղենի մի ամբողջ սպասք. այս գտածոն օշականյան դամբանատեղից է: «Սա վաղ երկաթե ժամանակաշրջանի նմուշ է, 11-9-րդ դդ. Քրիստոսից առաջ»,- բացատրում է նա:

Իմ հարցին, որ եթե սլաքը սկյութական տիպի է, ուրեմն այն բերված է, Հայկ Ավետիսյանը բացատրում է, որ դրանք պատրաստվել են այստեղ եւ եղել են տվյալ շրջանի ռազմիկների զինարանում դեռեւս անհիշելի ժամանակներից:

Բայց հնագետները հայտնաբերում են նաեւ բերովի նմուշներ, մասնավորապես` խեցեղեն, զարդեր, պերճանքի իրեր, որոնք ներկրվել են Սիրիայից, Միջագետքից, Հյուսիսային Կովկասից: Իսկ ահա տեղական օբիսիդիանից պատրաստված առարկաներ գտնվում են Սիրիայում եւ Պաղեստինում: Այնպես որ, այն ժամանակ եղել է շատ ակտիվ առեւտուր, ասում է նա:

Կից սենյակում երկու հնագետ վիճում են, փորձում զննելով եւ շոշափելով որոշել մի կարմիր խեցեբեկորի տարիքը: Նրանց խոսքով, տեսքը խաբուսիկ է. այդ խեցին կարող է լինել շատ հին, իսկ գուցե պատկանի անտիկ շրջանին:

Ետնամասի սենյակում աշխատում են ուսանող-մագիստրանտներ: Ընդ որում, գալիս են այստեղ տարբեր բուհերից` ճարտարապետներից մինչեւ տնտեսագետներ: Այս տարի,- ուրախությամբ հայտնում է ամբիոնի վարիչը, մենք բացել ենք բակալավրիատ հնագիտության մասնագիտացմամբ, մինչդեռ նախկինում միայն մագիստրատուրա էր:

Գիտաշխատողը բացատրում է, որ հայկական հնագիտության մեջ այսօր մարդկային ներուժի մեծ կարիք կա, եւ հավելում, որ իրականում այն շատ հեռանկարային ուղղություն է: Այժմ Հայաստանում կատարվող աշխատանքների ծավալի վերլուծությունը ցույց է տալիս, որ ծավալների պահպանման պարագայում այդ աշխատանքները կտեւեն առնվազն 20 տարի: Այնպես որ, ըստ նրա, երիտասարդ մասնագետները ապահոված կլինեն աշխատավարձով, թեկուզ ոչ բարձր, բայց կայուն: Իսկ եթե նրանք նաեւ մասնակցեն միջազգային համատեղ արշավախմբերի (իսկ այդպիսի 10-ից 15 խումբ այսօր աշխատում է Հայաստանում), ապա աշխատավարձն էլ կաճի: Այնպես որ, հնագիտությամբ զբաղվելը շահեկան է, վստահեցնում է Հայկ Ավետիսյանը: Այն շահեկան է նաեւ պետության համար, կարծում է նա, քանի որ ընձեռվում է առեվտրայնացման հնարավորություն. արվեստի նմուշները ցուցադրվում են թանգարաններում, իսկ թանգարանները սկսում են ավելի շատ եկամուտ ստանալ զբոսաշրջիկների հոսքից: Վառ օրինակը Արենի քարայրից գտնված հնագույն կոշիկն է, որն այժմ ցուցադրված է Հայաստանի պատմության թանգարանում:

«Այսինքն, հնագիտական եւ ազգագրական աշխատանքները, կարծում եմ, առաջիկա 20 տարվա համար դեռ ունեն իրացման բավականին լայն դաշտ, եւ այդ ամենը արդյունավետ իրականացնելուց հետո մենք, բացահայտելով մեր ինքնությունը, կարող ենք ավելի մրցունակ լինել համաշխարհային այս քաղաքակրթության թոհ ու բոհի մեջ»,- ասում է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ