News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի օրենսդիր մարմնի երկու պալատները մեկ անգամ եւս օրենք ընդունեցին, քրեականացնելով Ֆրանսիայի կամ միջազգային դատարանների կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը կամ այլ ցեղասպանությունների կամ մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտումը, նվազեցումը կամ ծայրահեղ նվաստացումը, եթե այն ուղեկցվում է բռնության կամ ատելության հրահրմամբ: Այս մասին իր հոդվածում նշել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա մասնավորապես գրում է.

«Հոկտեմբերի 14-ին, Ֆրանսիայի Սենատը 156 կողմ եւ 146 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց նոր օրենքին՝ հետեւելով խորհրդարանի հուլիսի 6-ի հաստատմանը, ձայների 305-157 հարաբերակցությամբ: Օրենքը ուժի մեջ կմտնի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից այն ստորագրելուց հետո, ինչը նա խոստացել է անել:

Այժմ հարցն այն է, թե արդյոք Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հավանություն կտա օրինագծին, թե այն կհամարի հակասահմանադրական, ինչպես դա արեց 2012 թվականին, պնդելով, որ այն խախտում է խոսքի ազատությունը: Ահա այս խճճված պատմության ոդիսականը.

Ֆրանսիայի խորհրդարանը առաջին անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1998 թ. մայիսի 29-ին, որին հաջորդել է Սենատի կողմից ընդունումը 2000 թ. նոյեմբերի 7-ին: Սակայն, երկու քվեարկությունների միջեւ ընտրություններ տեղի ունենալու պատճառով, խորհրդարանը ստիպված էր այն երկրորդ անգամ հաստատել 2001 թ. հունվարի 18-ին՝ հայտարարելով, որ «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»: 2001 թ. հունվարի 29-ին, վարչապետ Լիոնել Ժոսպենը եւ նախագահ Ժակ Շիրակը ստորագրեցին օրենսդիր մարմնի կողմից ընդունված օրենքը: Դրան ի պատասխան՝ Թուրքիայի կառավարությունը հետ կանչեց իր դեսպանին Փարիզից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆրանսիական լրատվամիջոցների մի քանի ներկայացուցիչներ եւ որոշ թուրքեր Ֆրանսիայում եւ նրանց խամաճիկները շարունակում էին ժխտել Հայոց ցեղասպանությունը, ֆրանսահայ համայնքը ձգտեց պատասխանատվության ենթարկել ժխտողականներին, ինչպես դա արվում էր հրեական Հոլոքոստի դեպքում: Ֆրանսահայերը պահանջեցին օրենքով հավասար պաշտպանություն՝ իրավացիորեն պնդելով, որ չպետք է լինի որեւէ խտրականություն ցեղասպանության զոհերի միջեւ…

Տասը տարվա քարոզչական աշխատանքից հետո, ֆրանսահայերը եւ նրանց աջակիցները վերջապես հաջողության հասան. 2011 թ. դեկտեմբերի 22-ին խորհրդարանը ընդունեց մի օրինագիծ, որով սահմանվում էր մեկ տարվա բանտարկություն եւ 50 հազար դոլար տուգանք բոլոր նրանց համար, որոնք կժխտեն Հայոց ցեղասպանությունը: Սենատն իր հավանությունը տվեց 2012 թ. հունվարի 23-ին: Թուրքիան եւս մեկ անգամ հետ կանչեց իր դեսպանին Փարիզից…

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2012 թ. փետրվարի 28-ին որոշեց, որ առաջարկվող օրինագիծը հակասահմանադրական է, քանի որ խախտում է խոսքի ազատությունը: Խորհրդի որոշումը խիստ սկանդալային էր: Նրա 11 անդամներից մի քանիսը շահերի լուրջ բախում ունեին, քանի որ նրանց ընտանիքները գործարար կապեր ունեին Թուրքիայի հետ կամ դեմ էին արտահայտվել այս օրինագծին իրենց օրենսդրական գործունեության տարիներին… Ամենազարմանալին այն էր, որ խորհրդի անդամներից մեկը թուրքական վերլուծական կենտրոններից մեկի՝ Բոսֆորի ինստիտուտի ղեկավարներից էր, որը քարոզչություն էր ծավալում հենց այս օրենքի դեմ… Ֆրանսիական մի թերթի կողմից այս ապօրինի եւ անբարոյական կապերի բացահայտումից հետո, խորհրդի երկու անդամները ինքնաբացարկ հայտնեցին այս դատից:

Ներկայիս Սահմանադրական խորհուրդը բաղկացած է 10 անդամներից. երեքը 2012 թ. խորհրդի կազմից մնացածներն են, որոնք մերժել էին համանման նախկին օրենքը: Բարեբախտաբար, նոր անդամներից մի քանիսն ավելի լավ են տրամադրված առաջարկվող օրենսդրության նկատմամբ:

Ավելի կարեւոր՝ նոր ընդունված օրենքը, որը կոչվում է «Հավասարություն եւ քաղաքացիություն», զգալիորեն տարբերվում է 2012 թ. տարբերակից: Նախագահ Օլանդը, օրենսդիրները եւ ֆրանսահայ համայնքը ամեն ինչ արեցին, ապահովելու համար, որ նոր տեքստը համապատասխանի խոսքի ազատության իրավունքին:

Չնայած խոսքի ազատությունը ամենացանկալի իրավունքն է բոլոր ժողովրդավարական երկրներում, կան մի շարք կարեւոր հանգամանքներ, որոնք պետք է նկատի առնվեն.

1) Խոսքի ազատությունը ավելի բացարձակ արժեք է Միացյալ Նահանգներում, քան Եվրոպայում, որտեղ այդ իրավունքը սահմանափակող բազմաթիվ օրենքներ կան: Նույնիսկ ԱՄՆ-ում, որոշ սահմանափակումներ կան ցանկացածն ասելու կամ գրելու վրա, ինչպիսիք են վիրավորանքի եւ զրպարտության օրենքները:

2) Այն երկրներում, որտեղ հրեական Հոլոքոստի ժխտումն արգելված է, պետք է արգելվի նաեւ մյուս բոլոր ցեղասպանությունների ժխտումը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության: Ո՛չ մի երկակի ստանդարտ ցեղասպանության զոհերի միջեւ…

3) Քանի որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք ունի, ապա պետք է լինի նաեւ պատիժ դրա խախտման համար, ինչպես մնացած բոլոր օրենքների դեպքում…

4) Հակաժխտողական օրենքները կկանխեն Թուրքիայի կողմից իր ժխտողական քաղաքականության արտահանումը այլ երկրներ:

5) Ժողովրդավարական Ֆրանսիայում այժմ Հայոց ցեղասպանության մասին ստելը հակաօրինական է, մինչդեռ բռնապետական Թուրքիայում՝ դրա մասին ճշմարտությունն ասելը…

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ