ԱՊՀ անդամ պետությունները 2017 թվականին հակաահաբեկչական վարժանքներ կանցկացնեն՝ ուղղված կազմակերպության երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ստորաբաժանումների փոխգործակության մշակմանը՝ սոցիալական ցանցերում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հավաքագրման գործունեությունը բացահայտելու եւ կանխելու նպատակով: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը:
Նա նշել է, որ վարժանքների անցկացման վայրն ընտրվել է՝ հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքի բարձր մակարդակի պահպանումը:
Նովիկովի խոսքով՝ վարժանքների թեմատիկան եւ մասնակիցների կազմը դեռեւս համաձայնեցնում են: