Վանաձորում հոկտեմբերի 17-ին ծննդաբերությունից ժամեր անց ծննդկանը մահացել է: 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները կատարվածի մեջ բժիշկներին են մեղադրում: Սկեսուրը պատմել է, որ 21 օր առաջ 38-39 շաբաթական հղի հարսին բժիշկները զննել են եւ որոշել նրան ստացիոնար հսկողության տակ վերցնել:
Քնարիկ Մնացականյանը նաեւ պատմել է, որ տանն արու զավակի ծնունդն էին նշում, երբ հարսը զանգահարել է, ասել, որ ուժեղ արնահոսություն ունի, եւ խնդրել բժիշկների բերել հիվանդանոց: Հարազատները պնդում են, որ Հռիփսիմեն առողջական ոչ մի խնդիր չի ունեցել:
Մեր թղթակցի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը մանրամասն ներկայացրել է Հռիփսիմե Նազլուխանյանի նախածննդյան պատմությունը՝ հավաստելով, որ ո՛չ այդ ընթացքում, ո՛չ էլ ծննդաբերության հետ կապված շեղումներ չեն եղել:
32-ամյա Հռիփսիմեի մահվան պատճառների մասին նույնիսկ նախնական վարկած չկա: Դավիթ Շահվերդյանն առաջարկում է սպասել դատաբժշկական փորձաքննության ավարտին: Իսկ մահվան վկայականում որպես մահվան պատճառ նշված է հեշտոցի պատի հետծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արնահոսություն, ներքին օրգանների սուր սակավարյունություն, ինչը հանգեցրել է հեմոռագիկ շոկի: Կնոջ հարազատները վճռական են տրամադրված. անելու են ամեն ինչ, որ մեղավորները պատժվեն:
Խորհրդարանական ուժերին վերջապես հաջողվել է համաձայնության հասնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ: Առաջին ընթերցմամբ քվեարկությունը կայացել է այսօր, իսկ վաղը երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրված փաստաթուղթը կներառի այսօր իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների միջեւ ձեռք բերված համաձայնությունը. այն վերաբերում է ընտրակեղծիքի մասին սուտ մատնության առիթով քրեական պատասխանատվությանը:
Ընդդիմության ներկայացուցիչներին էլ անհանգստացնում էր քվեարկությունից հետո ընտրացուցակների հրապարակման հարցը:
Ամեն դեպքում, Լեւոն Զուրաբյանը գոհ չէ Ընտրական օրենսգրքի նախագծից: Նրա խոսքով՝ այն իշխանություններին դեռեւս վարչական լծակներն օգտագործելու, ընտրակաշառք բաժանելու եւ այլն կեղծիքների հնարավորություն է տալիս:
Նոր մանրամասներ Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարից: Հայաստանի տրանսպորտի փոխնախարարը հայտնել է, որ «Սկանիա» բեռնատարը, որին հոկտեմբերի 14-ին բախվել էր «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը, կայանված է եղել ճանապարհից դուրս:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Օսիայում ավտոբուսի վթարի հետեւանքով 5 մարդ զոհվել էր, 27-ը՝ վիրավորվել: Տուժածներից մեկը երկրորդ վարորդ Արեն Սաինյանն է, որն այս գիշեր կտեղափոխվի Հայաստան: Նա աչքի վնասվածք է ստացել:
2016 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Նախագահի կրթական պարգեւներին արժանացած ուսանողներն ու աշակերտներն այսօր նախագահական նստավայրում էին: Այստեղ պարգեւատրման հանդիսավոր արարողություն է կայացել: Յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները նաեւ հուշախորհրդանիշ եւ դրամական պարգեւ են ստացել: Այս տարի Նախագահի ամենամյա կրթական պարգեւին 28 ուսանող եւ 15 աշակերտ է արժանացել:
Արթուր Պետրոսյանը՝ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: 44-ամյա Պետրոսյանը ներկայում գլխավորում է շվեյցարական «Ցյուրիխի» երիտասարդական թիմը: Հայաստանի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը պաշտոնը կստանձնի նոյեմբերի 1-ից: Ֆուտբոլային կարիերայի տարիներին` 1992-2005 թվականներին, նա Հայաստանի հավաքականում անցկացրել է 70 խաղ եւ խփել 11 գոլ: Հիշեցնենք, որ գլխավոր մարզչի պաշտոնը թափուր էր Վարուժան Սուքիասյանի հրաժարականից հետո:
Հոկտեմբերի 19-ին դոլարը շարունակել է զիջել դիրքերը, եվրոն՝ նույնպես: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 475 դրամ, եվրոյինը՝ 522, ռուբլունը՝ 7 դրամ 61 լումա, ֆունտինը՝ 584 դրամ։
Հոկտեմբերի 20-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում տեղումներ են սպասվում, հանրապետության մյուս մարզերում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակ: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: