News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչները հանդիպում են պահանջում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներից Անահիտ Ղազարյանը նշեց, որ երկար տարիներ շարունակ իրենց հարցին լուծում չի տրվում, որի պատճառով այլեւս չեն կարողանում անգամ վարձով բնակարաններում բնակվել։ Նրա խոսքով, եթե այսպես շարունակվի, 100-ից ավելի ընտանիք շուտով դրսում կմնա. «Ես կենտրոնի բնակիչ եմ եղել եւ հիմա ինչի՞ համար ես պետք է ուրիշի տանը վարձով ապրեմ, որ տանտերն անընդհատ գա, ասի՝ դուրս եկեք։ Ես ու մյուս բնակիչները պահանջում ենք հանդիպում նորանշանակ վարչապետի հետ եւ կոնկրետ քայլեր՝ մեր բնակարանների խնդրի լուծման հետ կապված։ Այսպես այլեւս չի կարող շարունակվի, ամեն անգամ մի վարչապետ խաբում է»,-ասաց նա։

Անահիտ Ղազարյանը նշեց, որ Կարեն Կարապետյանը խոստացել է հանդիպում իրենց հետ, որը, սակայն, այդպես էլ չի կայացել. «Մենք պահանջում ենք, որ մեզ վարչապետն ընդունի, լսի եւ համապատասխան որոշումներ հանի, որ  մենք մեր բնակարանների փոխհատուցումը ստանալ կարողանանք, կամ էլ տեղում բնակարաններ կարողանանք ստանալ։  Տարիներ շարունակ պայքարում ենք, բայց  ոչ մի բան չեն անում։ Հիմա հույսերս դրել ենք նոր վարչապետի վրա, էն որ ասում են՝ փրփուրներից են կախվում, մենք ենք։ Հիմա մենք սպասում ենք, որ նոր վարչապետն ինչ-որ բանով մեզ օգնի»

Հիշեցնենք, որ 2008թ. Ֆիրդուսի, Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել  բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել է 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն  ուշացումներով:

Տպել
Ամենաշատ