News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված Լեւոն Սահակյանին վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող Վահան Ղազարյանը իր աշխատակիցներից շատերի հետ է աշխատավարձ վճարելու հետ կապված խնդիրներ ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դանակահարված երիտասարդի հարազատներից մեկը: Նա նշեց, որ Վահան Ղազարյանն է հոկտեբերի 19-ին զանգահարել եւ կանչել Լեւոնին իր մոտ՝ ասելով, որ նշանածի աշխատավարձն է տալու: Նրա խոսքով՝ Լեւոնի նշանածը՝ Արեգնազը, դասավանդել է «Պատանի լրագրողների» դպրոցում, սակայն, աշխատավարձի հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով երկու ամիս առաջ դուրս է եկել այնտեղից:

«Ամեն ամիս խնդիրներ է ունեցել աշխատավարձը ստանալու հետ կապված, ամբողջությամբ չի վճարել այն՝ 80 հազար դրամի չափով աշխատավարձը ամսվա ընթացքում կոպեկ-կոպեկ է ձեռքից վերցրել: Աշխատանքից դուրս գալուց հետո էլ չի տվել, Լեւոնն էլ իմացել է ու առանց նշանածին զգուշացնելու, գնացել է գումարը ուզելու: Վահանը խոստացել է, որ երկու ամիս կտա, սակայն, մի քանի օրից անսպասելի զանգել, կանչել է՝ արի կտամ գումարը: Լեւոնը գնացել է ու ասել է, որ գումար չունի տալու»,-պատմեց նա՝ նշելով, որ իր տեղեկություններով, Վահան Ղազարյանը դպրոցում աշխատողների համարյա բոլորի հետ խնդիրներ է ունեցել աշխատավարձերի վճարման հետ կապված: Իսկ վերջերս էլ աշխատանքից հեռացրել էր որոշ աշխատակիցների՝ ֆինանսական խնդիրների պատճառով:

Նշենք, որ Լեւոն Սահակյանը Հրազդանի բժշկական կենտրոնի ուռոլոգ Տիգրան Սահակյանի որդին էր, 22-ամյա Լեւոնը Սեւանում աշխատում էր որպես ատամնաբույժ:

NEWS.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը սկսվել է Լեւոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Լեւոնի նշանածը՝ Սեւան քաղաքի բնակչուհի Արեգնազը, աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ, որին դպրոցի տնօրինությունը աշխատավարձը չի վճարել: Այդ օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել եւ կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց մահացել է:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ նախնական տվյալներով երիտասարդին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքը պատճառվել է Թերլեմեզյան 3 հասցեում, եւ դեպքի վայր է հանդիսանում «Պատանի լրագրողների» դպրոցը։ Կատարված զննությամբ նշված հասցեի բակում եւ դպրոցի ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի աշխատասենյակում՝ արնանման հետքերով ծալովի դանակ։

Դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։

Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, եւ սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Վահան Ղազարյանը։

Տպել
Ամենաշատ