News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծման հարցը շարունակում է բուռն քննարկվել. գերեզմանոցը վնասազերծելու նպատակով ՀՀ կառավարությունը եւ միջազգային կառույցները առաջարկում են Կոտայքի մարզում՝ Հրազդան քաղաքի մոտ, ստեղծել ազգային պահեստ եւ Նուբարաշենի թունաքիմիկատները տեղափոխել այնտեղ եւ նախապես ապահովել թունաքիմիկատների անվտանգ փաթեթավորում, հաղորդում է «ԷկոԼուրը»։

Ինչ վերաբերում է չեզոքացման միջոցառումներին, ապա «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում եւ կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանի խոսքով՝ ծրագրի պայմանն է, որ թունաքիմիկատները կարող են ոչնչացվել միայն եվրոպական չափանիշների համաձայն:

Ծրագիրն իրականացվում է Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ: 

Թունաքիմիկատները աղտոտել են հողը, որը, ըստ նախնական հաշվարկների, կազմում է 7000 տոննա: Այս բարձր աղտոտվածություն ունեցող հողի տեղադրման եւ վնասազերծման հարցը մնում է բաց: 

Օրերս Երեւանի Օրհուս կենտրոնում անցկացվեց խնդրի հերթական քննարկումը: Քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նշեցին, որ Նուբարաշենի գերեզմանոցը համարվում է Երեւանի վարչական տարածքում գտնվող ամենավտանգավոր օբյեկտներից մեկը: Այն, որ գերեզմանոցը պետք է վնասազերծվի, համաձայն են բոլորը, բայց տարբերակները վիճելի են: 

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Լիլիկ Սիմոնյանը նշեց, որ գերեզմանոցը գտնվում է ակտիվ սողանքային գոտում, եւ սողանքների հետեւանքով արդեն բավականին ներքեւ է իջել: «Թաղված թունաքիմիկատների մոտ 60 տոկոսը կայուն քլորօրգանական թունաքիմիկատներ են, որոնք տասնյակ տարիներ մնում են հողում: Հետազոտություններ են արվել, եւ պարզվել է, որ թունաքիմիկատների մնացորդային քանակներ են հայտնաբերում, որոնք բավականին բարձր են, եւ քանի որ գերեզմանոցը շատ թեք տեղում է, դրանք կարող են հոսանքի, ջրերի հետ տարածվել: Փաստը մնում է փաստ, որ այդ գերեզմանոցը այդտեղից պետք է վերանա», - նշեց Լիլիկ Սիմոնյանը: 

«Մենք կողմ ենք դրան, բայց այդ տարածքում (Հրազդանի պահեստարանում) դա անընդունելի է: Կոտայքի մարզի այդ տարածքը չի կարելի օգտագործել որեւէ թափոն տեղադրելու համար», - ասաց «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:

«Այսպիսի ծրագրի համար պետք է տրվի սոցիալական եւ բնապահպանական ազդեցության գնահատական: Մենք արդեն այսօր ունենք մտահոգություն Հրազդանի բնակիչների կողմից, իսկ երբ կսկսվի ծրագրի իրականացումը, այնտեղ կարելի է սպասել շատ մեծ դիմադրության», - նշեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

«Տարածքներ տարբեր կան, խորհրդային տարիներից մնացած, լքված պահեստներ: Պոտենցիալ ալյընտրանք կարող է դա լինել: Բայց դա բարդ գործընթաց է, եւ եթե մենք գնանք այդ ուղիով, մենք պետք է կանգնեցնենք այս ծրագիրը», - ասաց ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը:

Նա նշեց, որ իրենց համար կարեւոր եւ գոհացուցիչ հանգամանքներից մեկն էլ այն է, որ Հրազդանի պահեստարանի վերահսկողությունը իրականացնելու է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: «Այս տարածքը ԱԻՆ-ի հսկողության տակ է: Եկեք հսկենք, որ դա որակյալ արվի: Մենք ուզեմ ենք ունենալ կարգավորված, վերահսկվող պահեստ այս երկրում», - նշեց Գայանե Ղարագեբակյանը:

Հաջորդ մտահոգությունը կապված է 7000 տոննա հողի վերամշակման հետ: 

«Ինձ հուզում է 7000 տոննա աղտոտված հողը: Նուբարաշենում մենք դա չենք կարող վնասազերծել: Նախ այնտեղ սողանքային գոտի է, հետո էլ հենց անմիջապես կողքը հացահատիկի արգելոցն է (ԷկոԼուր՝ էրեբունի արգելոց): Եթե մենք այնտեղ ինչ-որ բան այրենք, վերամշակենք, բնականաբար, արտանետումները կգան այդ տարածքի վրա», - ասաց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Լենա Մանվելյանը: 

«Հողը պետք է վերամշակվի տեղում, տարբերակներ շատ կան, տեխնոլոգիաներ շատ կան, որոնք ընդունելի են», - ասաց ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Վարդան Ծերունյանը: 

Ծրագրով նաեւ նախատեսված է, որ Հրազդանի պահեստարանում ժամանակավոր պահվելուց հետո թունաքիմիկատները պետք է դուրս բերվեն երկրից եւ ոչնչացվեն: Սակայն լուծում դրան տրված չէ: «Մենք խնդիր ունենք Վրաստանով արտահանելու: Այս պահի դրությամբ վրացական օրենսդրությունը թույլ չի տալիս: Մենք պետք է բանակցենք՝ կարող է թույլ տան, կարող է՝ ոչ», - հայտնեց Գայանե Ղարագեբակյանը: Իսկ ինչ վերաբերում է 7000 տոննա հողին, ծրագրի համակարգողի խոսքով՝ այդ զանգվածը արտահանել ընդհանրապես հնարավոր չէ. «7000 տոննա հողը արտերկիր տանելը հնարավոր չէ ոչ տնտեսապես, ոչ տեխնիկապես»: 
Ծրագրի վերաբերյալ քննարկումները շարունակվում են: Հաջորդ քննարկումը նախատեսված է անցկացնել ս.թ. նոյեմբերի 7-ին: 

Նշենք, որ ընդհանուր ծրագրի իրականացման համար ԳԷՀ-ը տրամադրել է 4.7 միլիոն դոլար, իսկ 16 միլիոն 20 հազար դոլարի ներդրում կատարելու հանձնառություն վերցրել է Հայաստանի կառավարությունը:

Տպել
Ամենաշատ