News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԼՂՀ մայրաքաղաք  Ստեփանակերտում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում անցկացվել են Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի հինգերորդ եւ վեցերորդ նիստերը:  «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով համաժողովի  աշխատանքները Արցախում շարունակվել են «Հայկական սփյուռքի զորակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին» եւ «Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների պաշտպանության համակարգի հետ կապված խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ում» թեմատիկ ուղղություններով:

«Ազդակ» օրաթերթի տնօրեն-գլխավոր խմբագիր, հայ լրագրողների համաժողովները համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանը նշել է, որ համաժողովին մասնակցում են 31 երկրից. 90 մասնակից սփյուռքից, 34-ը` Արցախից ու Հայաստանից:

Ներկայացված զեկույցներից հետո ծավալվել են քննարկումներ. դրանք ուղղված էին Արցախում, Հայաստանի Հանրապետությունում եւ Սփյուռքում առկա խնդիրների լուծումը  լրատվամիջոցների միջեւ համագործակցության միջոցով խթանելուն:

Նիստերի ընթացքում ցուցադրվել է հեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանի «Արեւը ցեխով չես ծածկի» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործած ոճրագործության եւ Թուրքիայում ազգային ինքնությունը պահպանած ավելի քան 4.5 մլն հայերի մասին:
Համահայկական համաժողովի մասնակիցները նիստերից հետո այցելելու են նաեւ Արցախի առաջնագիծ՝ մոտիկից ծանոթանալու մեր դիրքապահների առօրյային:

Տպել
Ամենաշատ