News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Էջմիածնի քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանի եւ քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի կողմնակիցների միջեւ սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպի գործից ծեծի դրվագն առանձնացվել է:

«Այդ դրվագն առանձնացվել է, եւ Արթուր Թումանյանն ու Ստեփան Աբգարյանը տուժող են ճանաչվել: Առանձնացված գործով կա 3 մեղադրյալ, որոնք ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Թումանյանի պաշտպան Արմինե Հարությունյանը:

Փաստաբանը հայտնեց նաեւ, որ եւ Թումանյանը, եւ Աբգարյանը ցուցմունք են տվել Գրիգորյանի եղբայրների դեմ՝ նշելով, որ տեսել են նրանց այնտեղ: Այլ մանրամասներ Արմինե Հարությունյանը չհայտնեց՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է:

Նշենք, որ մեկ քրեական գործի շրջանակում քննվում էր երեք դրվագ՝ Արթուր Թումանյանի եւ նրա ընկերոջը՝ ավագանու անդամի թեկնածու Ստեփան Աբգարյանի ծեծը, ավագանու անդամի առեւանգումը եւ կրակոցները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 16-ին ուշ երեկոյան միջադեպ էր տեղի ունեցել Էջմիածնի քաղաքապետի երկու թեկնածուների՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի եւ նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի համակիր, քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի միջեւ: Տեղի ունեցածը երկու թեկնածուները տարբեր կերպ են ներկայացնում: Ըստ Կարեն Գրիգորյանի համակիրների` Արթուր Թումանյանն ու Ստեփան Աբգարյանը Երեւան- Էջմիածին ավտոճանապարհին կրակել են Գրիգորյանի եղբոր մեքենայի ուղղությամբ, որի մեջ նաեւ քաղաքապետն է եղել: Այնուհետեւ ծեծկռտուք է սկսվել: Թումանյանն ու Աբգարյանը պնդում են, որ իրենց մեքենային հարվածել են, ապա սկսել ծեծել իրենց մի քանի տասնյակ մարդ, այդ թվում Կարեն Գրիգորյանն ու նրա եղբայրը:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Տպել
Ամենաշատ