Facebook սոցիալական ցանցը պատրաստվում է մեղմացնել ընկերության կողմից հաստատված «ցենզուրայի» պահանջները: Այս մասին ասվում է ընկերության հայտարարությունում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունը պատրաստ է ցուցադրել ավելի շատ նկարներ եւ տեքստային նյութեր, որոնք մինչեւ այժմ հեռացվել էին ընկերության կանոնակարգը խախտելու համար: Ընդ որում հաշվի է առնվելու այն փաստը, թե ինչքանով է հրապարակված բովանդակությունը ինֆորմատիվ եղել մյուս օգտատերերի համար:
«Facebook–ի հանրության համար գլոբալ ստանդարտների պահպանումը բարդ խնդիր է: Արժանի է տվյալ նկարը լուսաբանվելու, թե ոչ, շատ սուբյեկտիվ հարց է: Բռնության եւ մերկ տեսարաններ դիտելը կարող է աշխարհի մի կետում նորմալ լինել, իսկ մյուս մասում վիրավորական կամ նույնիսկ քրեորեն հետապնդելի արարք որակվել: Տեղային բարոյականության նորմերին բավարարելը երբեմն խանգարում է գլոբալ պահանջներին բավարարելուն, այդ պատճառով լուսաբանման համար թույլատրելի նորմեր հաստատելու հարցում մարդկանց կարծիքները տարամիտում են»,- ասվում է հայտարարության մեջ:
Ընկերության նոր կանոնակարգի՝ ուժի մեջ մտնելու ամսաթիվը չի նշվում, սակայն Facebook-ից հայտնում են, որ «առաջիկա շաբաթների ընթացքում փոփոխությունը ուժի մեջ կմտնի»:
Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերին Facebook-ի մոդերատորները հեռացրել էին նորվեգական Aftenposten պարբերականի ֆեյսբուքյան էջում տեղադրված Վյետնամական պատերազմի տարիներին արված լուսանկարը: Այրված մերկ մարմնով աղջկա օրիգինալ լուսանկարը արվել էր 1972 թվականին, իսկ դրա հեղինակը Պուլիտցերյան մրցանակ էր ստացել: Նկարի հեռացումից հետո նորվեգացի օգտատերերը քննադատել էին Facebook-ի «ցենզուրայի» կանոնները: Բողոքին միացել էր նաեւ Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը: