Պետությանն ունեցած պարտքի պատճառով մարդը փողոցում չի հայտնվի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խորհրդարանում հայտարարել է արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Կառավարությունը կսահմանի նվազագույն երաշխավորված գումարը մարդու բնակության վայրի իրավունքն ապահովելու համար: Եթե քաղաքացին պետությանը պարտք է (օրինակ՝ տուգանքներ), բայց տնօրինում է միայն մեկ բնակարան (տուն կամ բնակարան, կամ դրա մի մասը որպես բնակության միակ վայր), ապա այն չի կարելի վաճառել հրապարակային սակարկությամբ, եթե դրա արժեքի 75 տոկոսը երաշխավորված գումարից պակաս կլինի կամ հավասար:
Եթե բնակարանն ավելի թանկ արժենա, ապա տարբերությամբ կմարվեն տուգանքները, իսկ երաշխավորված գումարը կտրամադրվի նվազագույն բնակելի տարածություն գնելու համար: Փոխնախարարը հիշեցրել է, որ բնակարանը կգնահատեն ոչ թե հարկադիրի տեսուչները, այլ անկախ գնահատողները:
«Մենք խոսում ենք ոչ թե 100, այլ 75 տոկոսի մասին: Այսինքն՝ քաղաքացուն ենք թողնում նաեւ 25 տոկոսը: Այսինքն՝ եթե պայմանականորեն կառավարությունը բնակարանի երաշխավորված նվազագույն գումարը սահմանի 7,5 մլն դրամ, ապա մենք բնակարանի անձեռմխելիությունը երաշխավորում ենք ոչ թե 7,5, այլ 10 մլն դրամի չափով: Այս թվերը, բնականաբար, պայմանական են եւ որպես օրինակ են բերվում, իսկ վերջնականապես կքննարկի եւ կընդունի կառավարությունը»,- պարզաբանել է փոխնախարարը:
Պետք է որոշել՝ երաշխավորվում է բնակավայրո՞ւմ բնակվելու բնակարանի իրավունքը, թե՞ ամենաէժան բնակարանի:
«Այսինքն՝ եթե մարդն ապրել է Երեւանում, արդյոք նա նվազագույն բնակարանի իրավունք ունի կրկին Երեւանում: Դա պետք է քննարկել»,- հայտարարել է Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այդ արտոնությունը վերաբերում է միայն պետությանն ունեցած պարտքին, այլ ոչ թե մասնավոր կազմակերպություններին, այդ թվում՝ բանկերին: