ԱՄՆ–ը եւ մյուս երկրները ցնցված են ԱՄՆ–ից «բաժանվելու» եւ Չինաստանի ու Ռուսաստանի հետ «ամբողջ աշխարհի դեմ» ընկերության մասին Ֆիլիպինների նախագահի վերջին հայտարարությունից։ Այս մասին ասել է ԱՄՆ փոխպետքարտուղար Դենիել Ռասսելը Ֆիլիպիններ կատարած այցի ժամանակ, փոխանցում է BBC–ն։
Ռասսելը նշել է, որ նախագահ Դուտերտեի հայտարարությունը անորոշության մթնոլորտ են ստեղծում Ֆիլիպինների մտադրության նկատմամբ։
Ռոդրիգո Դուտերտեն, ավելի վաղ պատասխանելով թմրավաճառության դեմ միջոցների քննադատությանը, հայտարարել էր, որ ժամանակն է հրաժեշտ տալ Ֆիլիպինների ավանդական դաշնակից ԱՄՆ–ին։
Թմրանյութերի դեմ Դուտերտեի հայտարարած պատերազմը հազարավոր արտադատական սպանությունների պատճառ էր դարձել։ Դա մտահոգել էր ԱՄՆ–ին, ինչի մասին Ռասսելը հիշեցրել է Մանիլա կատարած այցի ժամանակ։