News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ու «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության միջեւ համագործակցության մասին hուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը եւ «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Պանովը: Ըստ հուշագրի՝ կողմերը կզարգացնեն համագործակցությունը երկրաբանական հետազոտությունների եւ որոնողական համալիր աշխատանքների իրականացման, հանքարդյունահանման պլանավորման, հանքավայրերի գնահատման եւ մի շարք այլ ուղղություններով: Նախատեսվում է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում նախագծերի իրականացման համար կողմերը կստեղծեն համատեղ ձեռնարկություն:

Մինչ հուշագրի ստորագրումը վարչապետ Կարեն Կարապետյանը եւ «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Պանովը քննարկել են երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել ծրագրերին եւ այն քայլերին, որոնք գործնական հիմքի վրա կդնեն դրանց իրականացումը:

Վարչապետը ողջունել է «Ռոսգեոլոգիա»  բաժնետիրական ընկերության հետ համագործակցության ծավալումը՝ ընդգծելով, որ կառավարության ծրագրում կարեւորվում է ընդերքի համապարփակ եւ համալիր հետազոտության, ընդերքօգտագործման թափանցիկության ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացումը: Կարեն Կարապետյանը նշել է, որ երկկողմ գործակցությունը կարող է ծառայել որպես արդյունավետ հարթակ ներդրումների ներգրավման, աշխատատեղերի ստեղծման համար, եւ գործադիրը հետաքրքրված է համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Ռոման Պանովը, շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար, վարչապետին է ներկայացրել փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ իրենց պատկերացումները: Նա նշել է, որ «Ռոսգեոլոգիա»-ն պատրաստ է ինտենսիվ գործունեություն ծավալել մեր երկրում՝ ընդգծելով, որ Հայաստանը հարուստ է հանքանյութային ապարներով, եւ այդ բազան զարգացման ու ամրապնդման նշանակալի հեռանկարներ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ