News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Պատանի լրագրողներ» դպրոցում հոկտեմբերի 19-ին դանակահարված Լեւոն Սահակյանը հիվանդանոցում մահացել է: Այսօր երիտասարդի աճյունը հողին են հանձնել Սեւանի գերեզմատանը:

22-ամյա երիտասարդին դանակահարել էր «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը, դպրոցում աշխատող Լեւոնի նշանածին աշխատավարձ չվճարելու համար ծագած վիճաբանության ընթացքում: Ղազարյանը ձերբակալված է: Նա ոստիկանության բաժնում խոստովանել է, որ դանակահարել է Լեւոն Սահակյանին եւ մանրամասներ ներկայացնել:

Ի դեպ, այսօր Լեւոնի նշանածի՝ Արեգնազ Թովմասյանի ծննդյան տարեդարձն է: NEWS.am-ի հետ զրույցում Սահակյանների հարեւաններից տիկին Մարիետան պատմել է, որ երիտասարդները շատ էին սիրում իրար, շուտով պետք է ամուսնանային: Լեւոնն այսօրվա հետ կապված ծրագրեր ուներ:

Մոսկվայում հոկտեմբերի 23-ին բնակարանում Հայաստանի երկու քաղաքացու մարմին են հայտնաբերել՝ 43-ամյա Էդուարդ Նշանյանի ու 46-ամյա Արմեն Իսրայելյանի: Քրեական գործ է հարուցվել:

Սպանության մեջ կասկածում են հայազգի տղամարդու, որի անունը դեռեւս չի հրապարակվում։ Նա հետախուզման մեջ է: Հայտնի է, որ սպանվածները Երեւանից են, Ռուսաստան էին մեկնել արտագնա աշխատանքի:

Տղամարդկանց սկսել են որոնել հարազատների ահազանգով, քանի որ որոշ ժամանակ նրանցից որեւէ տեղեկություն չեն ունեցել: Նախնական տվյալներով՝ Նշանյանն ու Իսրայելյանը մահացել են 3-5 օր առաջ:

Որոշ տեղեկություններով՝ 46-ամյա Արմեն Իսրայելյանը գործարար Սամվել Ալեքսանյանի՝ «ձկնկուլ» մականունով հայտնի նախկին աշխատակիցն է: Նա հայկական թերթերից մեկին տված հարցազրույցում բողոքել էր, որ Ալեքսանյանն իրեն զրկել է ունեցվածքից՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին: Հարցազրույցի շուրջ բարձրացած աղմուկից հետո նա հեռացել էր Հայաստանից:

Օմսկում Հայաստանի քաղաքացու են սպանել՝ 32-ամյա Վահե Զալիբեկյանին: Չկանխամտածված սպանության կասկածանքով ձերբակալվել է բռնցքամարտիկ Նիկիտա Ֆեդոնենկոն: 22-ամյա մարզիկը ծեծի է ենթարկել 32-ամյա Զալիբեկյանին, որը ստացված վնասվածքներից մահացել է: Ֆեդոնենկոյի բնակարանի խուզարկության ընթացքում «ատրիբուտներ են հայտնաբերվել, որոնք նման են սափրագլուխների օգտագործած առարկաներին»:

Պետական այցով Հայաստան է ժամանել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը: Այսօր նա հյուրընկալվել է նախագահական նստավայրում: Սերժ Սարգսյանն արքայազնին պարգեւատրել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության եւ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջեւ միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Իսկ Հայաստանի նախագահը պարգեւատրվել է Մալթայի Ուխտի բարձրագույն պարգեւով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար շղթայով: Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազնը նաեւ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, նաեւ ծառ է տնկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 20-ին խորհրդարանում խոսել էր Հայաստանում արդար, մրցունակ դաշտ ստեղծելու անհրաժեշտության մասին, նաեւ անդրադարձել տնտեսության ոլորտում մենաշնորհներին: Վարչապետը նշել էր, որ փոքրիկ շուկան այսպես թե այնպես հանգեցնում է մենաշնորհների առաջացմանը։ Այսօր թեման շրջանառվել է Ազգային ժողովի միջանցքներում:

Իսկ խորհրդարանի դահլիճում «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանն ապրիլյան պատերազմում կորցրած տարածքների հետ կապված հատուկ նիստ հրավիրելու կոչ է արել՝ ստեղծված իրավիճակի կապակցությամբ լուծումներ առաջարկելու նպատակով: Գալուստ Սահակյանը, սակայն, նման նիստի անհրաժեշտություն չի տեսնում:

ԲՀԿ-ական պատգամավորներն էլ խոսել են «Նաիրիտ»-ի մասին: Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել «քառօրյայից քառօրյա չգլորել խմբակցության ներկայացրած «Նաիրիտ»-ին վերաբերող օրինագիծը, այլ քննարկել եւ վերջնական լուծում տալ խնդրին՝ կա՛մ այս, կա՛մ այն կողմ: Միքայել Մելքումյանի հավաստմամբ էլ՝ օրինագծում այնպիսի մեխանիզմներ են առաջարկել, որոնք կօգնեն ներդրողներ գտնել:

78 տարեկանում մահացել է հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանը: 1987 թվականին նա արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր գործչի կոչման, 2013-ին՝ «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: Վերջին տարիներին Հովհաննիսյանը Մոսկվայում էր բնակվում, որտեղ էլ հողին կհանձնեն ռեժիսորի աճյունը: Ներսես Հովհաննիսյանը հանդիսատեսին հայտնի է «Հարսնացուն հյուսիսից», «Երջանկության մեխանիկա», «Խոշոր շահում», «Մենավոր ընկուզենի» եւ այլ սիրված ֆիլմերով:

Հոկտեմբերի 24-ին դոլարի փոխարժեքն աննշան աճել է, եվրոյինը՝ նվազել: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 475 դրամ, եվրոյինը՝ 517, ռուբլունը՝ 7 դրամ 64 լումա, ֆունտինը՝ 581 դրամ։

Հոկտեմբերի 25-26-ին հանրապետության տարածքի մեծ մասում՝ բացառությամբ Երեւանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի եւ Վայոց Ձորի նախալեռների, հիմնականում ձյուն է սպասվում, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց եւ ցածր տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Երեւանում վաղն անձրեւ է սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ