News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր երրորդ աշխատող ճնշում է զգում ղեկավարների կողմից, որոնք կարծում են, որ ընկերության աշխատակիցները պետք է աշխատանքն առաջին տեղում դնեն՝ ի վնաս ընտանիքի եւ անձնական գործերի: Նման եզրահանգման են եկել Relate խորհրդատվական խմբի մասնագետները, որոնք 5000 մարդու շրջանում հարցում են անցկացրել՝ պարզելու համար, թե որքան հաճախ են մարդիկ անձնական գործերը մի կողմ թողնում՝ մասնագիտական գործունեության օգտին: Այս մասին գրում է Informing-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Խորհրդատվական խմբի նախագահ, պրոֆեսոր Քերի Կուպերի խոսքով՝ ղեկավարների կողմից աշխատակիցների հանդեպ նման վերաբերմունքը չափազանց վատ է անդրադառնում մարդկային շփման եւ ընդհանուր բարեկեցության վրա, ինչպես նաեւ վնասակար է աշխատանքի արդյունավետության բարձրացման համար:

Շոտլանդիայում անցկացված հետազոտությունը ցույց է տալիս, որ ընկերությունների աշխատակիցների 30%-ը ճնշում է զգում գործատուների կողմից, եւ նրանք ստիպված են աշխատել նույնիսկ հիվանդ ժամանակ: 21%-ն էլ նշել է, որ իրենց ղեկավարներին դուր չի գալիս, երբ մերձավորների հիվանդության պատճառով գնում են աշխատանքից:

Գրեթե յուրաքանչյուր ութերորդ հարցված՝ 12%-ը, ասել է, որ իրենց հանդեպ ղեկավարների վերաբերմունքը վախեցնող է: 33%-ին անհանգստացնում է այն, որ ղեկավարները մտածում են, որ աշխատանքը բոլոր աշխատակիցների համար առաջին տեղում պետք է լինի:

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր փորձում են հաղթահարել աշխատանքում եւ ընտանիքում առկա խնդիրները, հաճախ են հիվանդանում, վատ են աշխատում կամ պարզապես հեռանում են աշխատանքից:

Միաժամանակ, հարցվածների 63%-ը հայտնել է, որ լավ հարաբերություններ ունի ղեկավարի հետ, իսկ երեք քառորդն էլ նշել է գործընկերների հետ լավ հարաբերության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ