News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սպիտակի վերջնամասում գտնվող Գերմանական տնակային ավանում բնակվող Վարդանյանների ընտանիքը 10 անչափահաս երեխա ունի. 10-րդը՝ փոքրիկ Ալիսան, ծնվել է 5 ամիս առաջ: Սա Հայաստանում միակ ընտանիքն է, որ ունի այս թվով անչափահաս երեխաներ:

Խարխուլ երկսենյականոց տնակում տեղ չլինելու պատճառով ընտանիքը դպրոցահասակ երեխաներից մի քանիսին ուղարկում է գիշերօթիկ դպրոց:

Տնակային ավանի վերջնամասում գտնվող տնակում սանհանգույց չկա, պատերին ու հատակին բացված անցքերից առնետների ամենօրյա ելումուտը ահուսարսափի մեջ է պահում երեխաներին, հատկապես գիշերը:

Բազմազավակ մայրը՝ 32-ամյա Լիլիթ Նիկողոսյանը, հիշում է, թե տարիներ առաջ ինչպես էր առնետը հոշոտել երեխաներից մեկի դեմքը: Լիլիթն ասում է, որ բնակարանի անհրաժեշտության հարցով բազմիցս են դիմել Սպիտակի քաղաքապետին: Հարցը, սակայն, լուծում չի ստացել:

Օրերս Լոռու մարզպետարանում մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից քաղաքացիների ընդունելությանը խնդիրը կրկին բարձրաձայնեց երեխաների տատիկը՝ Ալիսա Վարդանյանը. «Ունենք 10 երեխա, բայց չունենք բնակարան, ապրում ենք ժամանակավոր կացարանում: Այլեւս հնարավորություն չկա այդ կացարանում ապրելու: Դիմել ենք քաղաքապետարան, բայց հարցը անորոշ մնացել է»,- դժգոհեց կինն ու հավելեց. «Տեղ չլինելու պատճառով իմ երեխեքը գնում են գիշերօթիկ դպրոց, մնալու տեղ չունենք»:

Մարզպետը խոստացավ հարցի լուծմանը հետեւողական լինել ու Սպիտակի քաղաքապետի հետ մեկտեղ համապատասխան գրությամբ խնդիրը ներկայացնել ՀՀ սոցիալական հարցերի նախարարություն:

Տպել
Ամենաշատ