News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բժշկական միջին օղակի անձնակազմն ու հրշեջ ծառայությունների աշխատակիցները միացել են ոստիկանների հանրահավաքներին, որոնք շարունակվում են ամբողջ Ֆրանսիայում, Le Figaro–ում գրում է ֆրանսիացի տնտեսագետ, Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի գիտաշխատող Ժակ Սապիրը։ Եթե այդ բողոքի շարժումը մոտակա օրերին ամրապնդվի, դրա զոհը կդառնա ոչ միայն Ֆրանսուա Օլանդը, համարում է հոդվածագիրը։

«Այդ հանրահավաքները արդեն մեկ զոհ ունեն՝ Ֆրանսուա Օլանդը, - կարծում է Սապիրը,- Բողոքի շարժման ուժգնացմանը զուգահեռ՝ հաճախանում են կոչերը, որ նա պետք է հրաժարվի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելուց։Բնականաբար, մյուս թեկնածուներին այս իրավիճակը միայն ձեռնտու է, դրա համար էլ նրանք դարանակալած սպասում են։ Սակայն այս բողոքի շարժումը, որը սկսվեց անսպասելիորեն, նպաստեց նույնիսկ Օլանդի «բարեկամների» շարքերում բացահայտումներին»

«Այս ցույցերը բառիս բուն իմաստով «արտակարգ» են։ Նախ հիշեցնենք, որ տեսականորեն դրանք արգելված են՝ հանրահավաքներին ոստիկանների մասնակցության իրավունքը խստորեն ու արդարացիորեն կանոնակարգված է,- գրում է հեղինակը,- Եվ հետո այս ցույցերը անցնում են արտակարգ դրության ռեժիմում։ Եթե Օլանդը իրավացի էր 2015-ի նոյեմբերին ահաբեկչական հարձակումներից հետո արտակարգ դրություն մտցնելու հարցում, ապա նա իրավացի չէ այն երկարացնելու հարցում, քանի որ կա դրա նշանակությունն ու կարեւորությունը թուլացնելու վտանգ։ Քանի որ ոստիկանների այս ցույցերն արտացոլում են՝ վճռական քայլերի դիմելու կառավարության անկարողությունը»։

«Այդուհանդերձ, Ֆրանսուա Օլանդը նոր քաղաքական ենթատեքստի միակ զոհը չէ, նույնիսկ եթե հարցումները նրան ամենացածր դիրքն են հատկացնում․- շարունակում է հեղինակը,- Ուժեղ զայրույթը, որը ֆրանսիացի ժողովորդը զգում է Օլանդի հանդեպ, հիմա արդեն դրսեւորվում է նաեւ Նիկոլյա Սարկոզիի հանդեպ, որը գեղեցիկ ու դատարկ բառերի նույնպիսի սիրահար է։ Վաղը այդ զայրույթը կդրսեւորվի նաեւ Ալեն Ժյուպպեի հանդեպ, քանի որ բոլորին պարզ է, որ նա ընդամենն Օլանդի խղճուկ կրկնօրինակն է, միայն ավելի տարիքով ու ավելի կոպիտ, կամ էլ՝ Ֆիյոնի ու Բրյունո Լե Մերի հանդեպ»։

«Մեր աչքի առաջ անհետանում է ԵՄ քաղաքական պարադիգման, -շարունակում է հոդվածագիրը,- Այն սնել է քաղաքական գործիչների մի ամբողջ սերունդ, ու այդ սերունդը պարտություն է կրել։ Ժամանակն է որ մեկ այլ սերունդ փոխարինի նրան։ Բայց այդ քաղաքական գործիչները, կանայք ու տղամարդիկ, այդ եզրակացությանը հանգելու իրենց անկարողության պատճառով արդեն հիմա երկիրը դատապարտում են ճգնաժամի, որը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ։

«Ոստիկանների ցույցերը ազդարարում են այն մասին, որ քաղաքական մթնոլորտը այսուհետ նոր ընթացք է ստացել։ Մենք ականատես ենք, թե ինչպես է սրընթաց փլուզվում եվրոպամետ ռազմավարությունը, որը յուրովի պաշտպանում են թե՛ Սոցիալիստական կուսակցությունը, թե «Հանրապետականները»։ Մեր երկրում սկսվում են ինքնիշխանության կողմնակիցների ժամանակները»,- շեշտում է Սապիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ