News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում կանայք խտրական վերաբերմունք ունեն կին թեկնածուների նկատմամբ, չեն վստահում, հետեւաբար չեն քվեարկում կանանց օգտին: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, «Կանանց մասնակցությունը ընտրություններին եւ քաղաքական գործընթացներին. առկա խոչընդոտներ եւ մարտահրավերներ»թեմայով հրավիրված քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Հայաստանում ավելի շատ կանայք են ապրում, սակայն կանանց միջեւ սոլիդարություն չկա: Կանայք չեն վստահում իրենք իրենց, հետեւաբար չեն վստահում կին թեկնածուներին»,- ասաց Լենա Նազարյանը:

Սեպտեմբերին եւ հոկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավարի համար առաջադրված 931 թեկնածուներից ընդամենը 26-ն են եղել կանայք: Սակայն ընտրություններին արձանագրված արդյունքներով ընդամենը 9-ը կին է ընտրվել համայնքապետի ղեկավար, որոնցից 8-ը վերընտրվել են իրենց համայնքներում: Ընդհանուր առմամբ, կանանց ներգրավվածությունը խոշորացված համայնքներում նվազել է մի քանի անգամ՝ հասնելով 5%-ի: «50/50» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը կարծում է՝ Հայաստանում գենդերային կարծրացում կա. կինը չի ասոցացվում ղեկավարի հետ: Ըստ Զառա Հովհաննիսյանի՝ հենց այս կարծրացումն է, որ թույլ չի տալիս կանայք ընտրվեն:

«Հայաստանում կանայք ակնհայտ մեծամասնություն են, սակայն չեն կարողանում այս փաստն օգտագործել, եւ իշխանության է հասնում ագրեսիվ փոքրամասնությունը»,- ասաց իրավապաշտպանը:

Գյումրիի ավագանու թեկնածու, ՀԱԿ-ի ցուցակը գլխավորած Սյուզի Մեխակյանը նշեց, որ թեեւ ինքը որեւէ խտրական վերաբերմունք չի զգացել, կարծում է, որ հայ հասարակությունը պատրաստ չէ, որ իրեն կինը ղեկավարի քաղաքական ոլորտում. «Բժշկական, կրթական ոլորտներում հասարակությունը պատրաստ է, որ իրեն ղեկավարեն, բայց ոչ քաղաքական ոլորտում»,- ասաց Սյուզի Մեխակյանը:

Ըստ ՄԱԿ-ի «Կանայք եւ տեղական ժողովրդավարությունը» ծրագրի ղեկավար Նատալյա Հարությունյանի՝ կանայք առավել ակտիվ են Սյունիքում եւ Լոռիում:

Տպել
Ամենաշատ