Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը չի բացառում ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թեժացումը: Հոկտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսում Սերգեյ Մինասյանը տեսակետ հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր է փոքր կամ միջին ինտենսիվության սրացում, որի մասին էին վկայում ապրիլյան իրադարձությունները:
Նրա կարծիքով՝ տարածաշրջանում եւ դրանից դուրս իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ լայնամասշտաբ թեժացման հավանականությունը պահպանվում է, բայց մեծ չէ: Մինասյանի խոսքով՝ Ադրբեջանի համար համանման արկածախնդրության գինը շատ բարձր կլինի:
«Երկրները կարող են լարվածության զսպումն ապահովել քաղաքական եւ ռազմական հնարավորություններն օգտագործելով, բայց երկրներից մեկը կարող է փոքր ռազմական լարվածության դիմել՝ դա որպես քաղաքական գործիք օգտագործելով»,- նշեց Մինասյանը: Նա բերեց Իսրայելի եւ Պաղեստինի, Հնդկաստանի եւ Պակիստանի օրինակը, որոնց միջեւ պարբերաբար տեղի են ունենում փոքր ինտենսիվությամբ առճակատումներ:
Ռազմատեխնիկական եւ ռազմաքաղաքական հավասարակշռության վերաբերյալ քաղաքագետն ընդգծեց, որ այն գոյություն ունի, այլ հարց է, որ հավասարակշռությունը մշտապես անհամաչափ է եղել: Ըստ որոշ տեակների (ռազմաօդային ուժեր կամ զրահատեխնիկա)՝ Ադրբեջանը գերակշռում է: Իսկ Հայաստանը գերակշռում է ըստ հակաօդային պաշտպանության, օպերատիվ-մարտավարական միջոցների: Նրա խոսքով՝ ասածը չի վերաբերում «Իսկանդերներին», դրանք կային նաեւ մինչապրիլյան իրադարձությունները: Այն, որ ապրիլին առճակատումը 4 օր տեւեց եւ չվերաճեց լայնամասշտաբ գործողությունների նաեւ համանման սպառազինության առկայության շնորհիվ էր: