News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հարկավոր է հաշվի առնել, թե ինչ պահվածք են դրսեւորում Բելառուսի իշխանությունները Հայաստանի ռազմավարական շահերի նկատմամբ: Այս մասին հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ 1998 թվականի նոյեմբերի 25-ի ««ԱՊՀ անդամ պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերին զուգահեռ աշխատանքների ապահովման մասին» պայմանագրում փոփոխությունների մասին» 2012 թվականի մայիսի 30-ին Աշխաբադում ստորագրված արձանագրության վավերացման հարցի քննարկման ընթացքում ելույթի ժամանակ:

Նա հիշեցրել է, որ Բելառուսը միակ երկիրն է, որի դեսպանին Հայաստանի ԱԳ փոխնախարարն ԱԳՆ է հրավիրել՝ ապրիլյան իրադարձությունների հետ կապված հայտարարությունների շուրջ բացատրություններ ստանալու նպատակով: «Ապրիլյան իրադարձություններից հետո դա էր Բելառուսի պահվածքը: Հարցն այն է, թե Բելառուսի իշխանություններն ինչպես են վերաբերվում Հայաստանի հետ համագործակցությանն այն ոլորտներում, որոնք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն», նշել է Պողոսյանը:

Ըստ պատգամավորի՝ եթե Հայաստանը կարող է այլ երկրի որեւէ բան տրամադրել, դա պետք է անի՝ առավելագույնս հաշվի առնելով Երեւանի շահերը:

«Բելառուսն ու Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում պարտավորություններ են ստանձնել, բայց այդ պայմանագրի ո՞ր դրույթներն են մինչ օրս իրականացվել: Հարկավոր է հաշվի առնել, թե Բելառուսի իշխանություններն ինչ պահվածք են դրսեւորում Հայաստանի ռազմավարական շահերի նկատմամբ: Եթե նրանք մեզ հետ համագործակցության կարիքն ունեն, թող դա ձեւակերպեն համապատասխան էթիկան հաշվի առնելով: Հարկավոր է ցույց տալ, որ թե ցանկանում են համագործակցել Հայաստանի հետ, նշանակում է՝ պետք է լիարժեք հաշվի առնեն նրա շահերը»,- նշել է Թեւան Պողոսյանը՝ չպարզաբանելով, արդյո՞ք Երեւանն իր գործողություններում պետք է հաշվի առնի Մինսկի շահերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ