Արցախի դիրքերից մեկում հոկտեմբերի 26-ին հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում զոհված 20-ամյա Գուրգեն Այվազյանի հարազատներին ՌԴ-ից կանչել են Հայաստան: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին գյուղապետարանից: Գուրգենի ավագ եղբայրն ու ծնողները Ռուսաստանում արտագնա աշխատանքի են:
Ավելի ավղ տեղեկացրել էինք, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ էր: Նա ընտանիքի փոքր երեխան էր, ունի իրենից մեծ քույր եւ եղբայր: Գուրգենը շուտով զորացրվելու էր:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գուրգեն Այվազյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: