Արցախի դիրքերից մեկում հոկտեմբերի 26-ին հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում զոհված 20-ամյա Գուրգեն Այվազյանը Գավառի Պետական Համալսարանի ուսանող էր: NEWS.am-ին Գուրգենի հարեւանուհիներից՝ Հեղինեն պատմեց, որ նա սովորում էր համալսարանի տնտեսագիտական բաժնում: Հեղինեն Գուրգենի հետ վերջին անգամ խոսել էր նրա զոհվելուց մեկ օր առաջ՝ Գուրգենն ասել էր, որ լավ է, սահմանին կրակոցներ կան, բայց ամեն ինչ հանգիստ է:
«Հարցրի՝ չեն կրակու՞մ, ասաց ամեն ինչ լավ է, կրակեն, չկրակեն՝ պետք է պաշտպանենք: Ասաց՝ չանհանգստանամ»:
Հեղինեն նշեց, որ Գուրգենը զորացրվելու էր հունվարի 17-ին:
Գուրգենի ծնողներն ու եղբայրը Ռուսաստանի Դանշությունում՝ արտագնա աշխատանքի են: Գուրգենը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ էր: Նա ընտանիքի փոքր երեխան էր, ունի իրենից մեծ քույր եւ եղբայր:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գուրգեն Այվազյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: