News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի ու հայկական մի շարք կառույցների ներկայացուցիչների, համայնքային խնդիրներով զբաղվող բարերարների եւ պատասխանատու պաշտոնյաների հետ:

Հանրապետության Նախագահը նշել է, որ հանդիպման մասնակիցներին հրավիրել է քննարկելու աջակցության նոր գաղափարներ, նոր ծրագրեր, ինչպես նաեւ Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներից անմիջականորեն տեղեկանալու վերջին զարգացումների եւ առկա իրավիճակի, այդ իրավիճակում գտնվող հայկական համայնքի ներկայիս կարիքների մասին, մտքեր փոխանակելու նաեւ Հայաստանում հաստատված եւ ներգաղթող սիրիահայ մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի վերաբերյալ:

«Ցավոք, արդեն տեւական ժամանակ է, որ Սիրիան եւ, հատկապես, Հալեպը դուրս չեն գալիս միջազգային լրահոսից՝ այնտեղ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների պատճառով: Մեզ համար, նկատի ունեմ հայերիս, Սիրիան, Հալեպը սոսկ ծանոթ անուններ չեն, ինչպես շատ-շատերի համար, այլ երկիր, բնակավայր, որտեղ ապրում են մեր հայրենակիցները: Եվ հենց այդ պատճառով է, որ մինչ այսօր Հալեպում գործում է մեր գլխավոր հյուպատոսությունը, այն դեպքում, երբ բոլոր երկրների դիվանագիտական ներկայացուցիչները վաղուց լքել են Հալեպը:

Միանշանակ կարող եմ ասել, որ մեր մոտեցումը եղել է եւ այսօր էլ մնում է հետեւյալը՝ յուրաքանչյուր սիրիահայ իրավունք ունի Հայաստան գալու, ավելին, եթե նա այնուամենայնիվ լքում է Սիրիան, ցանկալի է, որ գա Հայաստան: Մենք պատրաստ ենք անել հնարավորը, որպեսզի գոնե նվազագույն պայմաններ ստեղծենք, որ ժամանակի ընթացքում այդ մարդիկ կարողանան ինտեգրվել մեր հասարակությանը եւ արդեն իրենք կարողանան լուծել իրենց խնդիրները »,- ասել է Նախագահը:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը եւ հանդիպման մյուս մասնակիցները Հանրապետության Նախագահի հետ կիսվել են Սիրիայում շարունակվող պատերազմական իրադարձությունների պատճառով ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգություններով, սիրիահայ համայնքին միասնական ուժերով սատար կանգնելու առաջարկություններով եւ շնորհակալություն հայտնել՝  Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ հայկական կառույցների կողմից մեր հայրենակիցներին բոլոր հնարավոր միջոցներով տարիներ շարունակ հետեւողականորեն ցուցաբերվող սրտացավ ու հոգատար վերաբերմունքի եւ աջակցության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ