Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ նոր ագրեսիվ գործողությունները չեն բացառվում: Այս մասին հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովում կայացած ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՕԵԿ խմբակցության քարտուղար, «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարներից Մհեր Շահգելդյանը:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման հերթական փորձին՝ պատգամավորը հիշեցրել է, որ ապրիլյան ագրեսիայից հետո ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծում նման դիվերսիա իսկապես չէր եղել:
«Կարծում եմ, որ սա մասամբ կապված էր Ադրբեջանի սահմանադրական հանրաքվեի հետ, որը կտրուկ քննադատության ենթարկվեց եվրոպական երկրների եւ կառույցների կողմից: Ենթադրում եմ, որ իրավիճակը սրելու փորձերը կարող են ադրբեջանական քաղաքականության մաս կազմել, որի նպատակը գոյություն ունեցող խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելն է»,- նշել է Շահգելդյանը: