Այս տարվա փետրվարին Վանաձորում ծնված եռյակ տղաները ծնողների ու երկու քույրերի հետ բնակվում են սոցիալական ծանր պայմաններում Վանաձորի Երեւանյան 90 հասցեում գտնվող հանրակացարանի սենյակներից։

 «Սենյակը շատ փոքր է մեզ համար: 7-ով մեկ սենյակում ենք մնում, այն եւ՛ հյուրասենյակ է, եւ՛ ճաշասենյակ, եւ՛ ննջասենյակ: Քիչ չի փոքր է, նաեւ շատ խոնավ է, ինչի հետեւանքով երեխաներն անընդհատ հիվանդանում են»,-NEWS.am-ի հետ զրույցի ընթացքում պատմեց երեխաների մայրը՝ Ռիմա Միրզոյանը:

Երեք տղաների ծնվելուց հետո ընտանիքը հայտնվել է սոցիալական ծանր վիճակում: Ընտանիքի հիմնական եկամուտը 40.000 դրամ կազմող ընտանեկան նպաստն է: Այն, սակայն, հազիվ 8 ամսական եռյակ տղաների համար անհրաժեշտ տակդիրների ու կաթ գնելուն է բավականացնում:

Մինչ այժմ քաղաքի աղբահանող կազմակերպություններից մեկում աշխատող հայրը ստացած ցածր աշխատավարձով չկարողանալով հոգալ ընտանիքի կարիքները, դուրս էր եկել աշխատանքից՝ արտագնա աշխատանքի մեկնելու համար: Արտերկիր մեկնել, սակայն, Սամվելին չի հաջողվել. աշխատանք խոստացողները նրան չեն կանչել։

Ընտանիքի հայրը հիմնական աշխատանք չունի: Ժամանակ առ ժամանակ կանչում են փայտ կտրելու կամ այլ բանվորական աշխատանք կատարելու: Վաստակած գումարը, սակայն, միեւնույնն է, շատ չնչին է լինում:

«Օրական մենակ 1000 դրամի պամպերս եմ առնում: Նպաստը հազիվ դրան է  հերիքում: Շոր առնելու համար ընդհանրապես գումար չի մնում: Եռյակի ծնվելուց հետո տարբեր մարդիկ նրանց հագուստ ու որոշ քանակությամբ պամպերս էին նվիրել: Հագուստները հիմա փոքրացել են, պամպերսն էլ վաղուց վերջացել են»,- նշում է բազմազավակ մայրիկը:

Ընտանիքի հետ կարող եք կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով՝ 077770547