News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 26-ին մեկնարկող «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնին այս տարի կներկայացվի ավելի քան 135 ֆիլմ՝ ԱՄՆ-ից, Սիրիայից, Ֆրանսիայից, Սլովակիայից, Ռուսաստանից եւ մի շարք այլ երկրներից։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը, ով դժգոհ է այս տարվա փառատոնին ներկայացված հայկական ֆիլմերի որակից։ «Այս տարվա մեր հայկական ֆիլմերը մի քիչ անհետաքրքիր են ինձ համար»,-նշեց Գեւորգյանցն ու կարծիք հայտնեց, որ հայկական խաղարկային ֆիլմերը սիրողական մակարդակի են։

Ինչ վերաբերում է սերիալներին, ապա ըստ նրա, դրանք նույնպես սիրողական մակարդակի են եղել, սակայն վերջին 5 տարվա ընթացքում դրանց որակն անհամեմատ բարձրացել է։ «Սկզբնական շրջանում դրանք ոչ պրոֆեսիոնալ կերպով էին նկարահանվում, բայց հիմա արդեն ներգրավվել են պրոֆեսիոնալ դերասաններ եւ մակարդակն ավելի է բարձրացել»,- ասաց նա:

Նշենք, որ Գեւորգյանցը նկարահանվել էր Գոռ Վարդանյանի «Վրիժառու» ֆիլմում, որտեղ խաղում էր «օրենքով գող» Սվոյ Ռաֆի դերը։ Ռեժիսորն ասում է, որ իրեն դուր էր եկել սերիալի սցենարը եւ այդ պատճառով էլ նկարահանվել է ֆիլմում։ Ի դեպ, նրա խոսքով, այդ սերիալից հետո մաֆիոզի դեր խաղալու բազմաթիվ առաջարկներ է ստացել, նույնիսկ հոլիվուդյան ընկերություններից։

Ռուբեն Գեւորգյանցը ներկայումս ներգրավված է հայոց պատմության եւ Հայաստանի մարզերի մասին պատմող բազմասերիանոց վավերագրական ֆիլմի աշխատանքներում: Միեւնույն ժամանակ կինոգործիչների միության նախագահը նկարահանում է «Կանանց աշխարհ» գեղարվեստական ֆիլմը:

Տպել
Ամենաշատ