Հայաստանի կառավարությունն այսօր՝ փետրվարի 3-ին Չինաստանին ու Հնդկաստանին հանեց այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիները Հայաստան մուտք գործելու համար վիզա պետք է ստանան խստացված կարգով՝ միմիայն հրավերի առկայությամբ։
Այդ ցանկը Հայաստանը հաստատել է 2008 թ., նրանում ընդգրկված են 18 երկրներ։
Արգործնախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ Չինաստանը եւ Հնդկաստանը մեծ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Այդ երկրները միջազգային հարաբերությունների ասպարեզում հավասարակշիռ դիրքորոշումներ են դրսեւորում ՀՀ հիմնախնդիրների հանդեպ, բացի այդ՝ ունեն կայուն տնտեսական աճ եւ մեծ առեւտրային ներուժ։
Արտգործնախարարությունում գտնում են, որ նշված պետությունների քաղաքացիներին խստացված կարգով վիզաներ տրամադրելը չի համապատասխանում այդ երկրների հետ Հայաստանի առկա քաղաքական շփումների ոգուն եւ չի նպաստում առեւտրատնտեսական, մշակույթային եւ այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը: Նշված հարաբերությունների կարեւորությունը ներկայումս գերակշռում է պոտենցիալ միգրացիոն ռիսկերին:
Արտգործնախարարությունն առաջարկել էր ցանկից հանել նաեւ Սիրիային, սակայն ազգային անվտանգության ծառայությունը դա համարել է ժամանակավրեպ։