News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կենտրոն համայնքում տեղակայված մանկապարտեզների սաների ծնողները բողոքում են Երեւանի քաղաքապետի բանավոր որոշման դեմ, որով, ըստ նրանց, սահմանվում է, որ Կենտրոն համայնքի 20 մանկապարտեզների դռները այսուհետեւ երեխաների առաջ փակ կլինեն առավոտյան ժամը 8:30-ից հետո:

Ծնողների հայտարարության մեջ նշվում է, որ այս հրահանգը Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն իջեցրել է` հաշվի առնելով առավոտյան խցանումները: Այս որոշումը հարուցել է ծնողների դժգոհությունը, քանի որ «կան երեխաներ, որ ուշ են քնում, բնականաբար ուշ էլ արթնանում, կամ ամեն երեխա չէ, որ բավարար առողջություն ունի` ամեն առավոտ 6:30-ին արթնանալու եւ ամենաուշը 8:30-ին մանկապարտեզում հայտնվելու համար»:

Երեւանի քաղաքապետարանի մոտ բողոքող ծնողներին պատասխանող Հանրակրթության վարչության ներկայացուցիչ տիկին Աչոյանը փաստել է, որ սա մեկամսյա փորձ է եւ երեխաներին կոփելու ձեւ:

«Ո՞վ է ասել, որ նախադպրոցական տարիքի երեխան պետք է քաղաքապետարանի ներկայացուցչի բնորոշմամբ «կոփվի» այս կերպ` սպարտացուն եւ զինվորականին հատուկ մեթոդներով: Ո՞վ է ասել, որ խցանումներից մեր քաղաքի կենտրոնը թոթափելու լավագույն տարբերակը երեխաներին հերթական սթրեսին ենթարկելն է` շուտ արթնացնելով ու արագ-արագ տանից դուրս հանելով: Այսօրվա այս Անհեթեթ իրավիճակից տուժում է ոչ միայն երեխան, այլ ծնողը, որ չգիտի ինչպես եւ ուր թողնի երեխային` աշխատանքի գնալու համար»,- ասված է ծնողների հայտարարության մեջ:

Նշենք, որ մինչ օրս համաձայն ծնողների եւ մանկապարտեզների միջեւ կնքած պայմանագրի` մանկապարտեզը պարտավորվում է երեխաներին ընդունել մինչեւ ժամը 9:30-ը:

Այս հրահանգի դեմ բողոքող ծնողները դիմել են քաղաքապետարան, որտեղ հանրակրթության վարչության ներկայացուցիչ Աչոյանն ասել է, որ «դրա հիմնական նպատակն է առավոտյան խցանումներից թեթեւացնել քաղաքի կենտրոնը»:

Տպել
Ամենաշատ