News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սառա Քոնորի մասնակցությամբ այդպես էլ չկայացած երեւանյան համերգի կազմակերպիչ VH - Music Production ընկերությունը համերգի տոմսեր ձեռք բերած, սակայն միջոցառման չեղյալ հայտարարվելու պատճառով նյութական վնաս կրած քաղաքացիներին հունիսի 7-ի դրությամբ փոխհատուցել է շուրջ 1,3 մլն դրամ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ընկերության տնօրեն Վահե Հարությունյանը։

«Թե որքա՞ն ենք դեռ պարտք եւ քանի՞ մարդու պետք է գումար վերադարձնենք, այս պահի դրությամբ  դժվարանում եմ ասել, սակայն մոտ օրերս այդ ուղղությամբ ճգրիտ տվյաներ կներկայացնենք»,- խոստացավ նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ VH - Music Production-ը չի փոխհատուցելու այն մարդկանց, ովքեր համերգի տոմսեր ձեռք են բերել մի երկրորդ, տոմսերի վերավաճառք իրականացրած ընկերությունից։ «Օրինակ, մի այդպիսի ընկերություն կա, որը մեզնից շուրջ 1 մլն 750 հազար դրամի տոմս է ձեռք բերել եւ բաժանել տարբեր հիմնարկությունների։ Հիմա այդ քաղաքացիները եկել, մեզնից են գումար պահանջում, այդ է պատճառը, որ մենք հետաքննչական մարմնին խնդրել ենք զբաղվել այս կարգի հարցերով»,- տեղեկացրեց Վահե Հարությունյանը։ 

Նրա խոսքով, վերջիններիս համար տեղական աստղերի մասնակցությամբ համերգ կկազմակերպեն, որը Երեւանում տեղի կունենա մինչեւ օգոստոսի 12-ը։ «Այդ համերգը կկազմակերպի մեկ այլ պրոդյուսերական կենտրոն, ոչ մենք, բայց որին մենք կվճարենք կազմակերպչական ծախսերի համար»,- ասաց Հարությունյանը։

Ամփոփելով՝ պրոդյուսերական կենտրոնի ղեկավարն ընդգծեց, որ VH - Music Production-ը տոմսերի գումարներն առաջնային վերադարձնում է այն մարդկանց, ովքեր դրանք պատվիրել եւ գնել են ընկերության գրասենյակից։ «Մնացածները փոխհատուցում կստանան հաջորդիվ՝ փուլ առ փուլ տարբերակով»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ VH Music-ի կողմից կազմակերպված, Սառա Քոնորի մասնակցությամբ համերգը 3 անգամ հետաձգվել էր: Սկզբում այն նախատեսված էր փետրվարի 14-ին, այնուհետեւ՝ փետրվարի 19-ին, իսկ վերջում՝ մարտի 8-ին, իսկ հետո պարզվել էր, որ համերգն ընդհանրապես չի կայանալու:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ