News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սոլյարին մաշկին թուխ երանգ հաղորդելու ժամանակակից ձեւն է, որի մեկ րոպեն Հայաստանում սկսվում է 150 դրամից մինչեւ 400 դրամ: Հաշվի առնելով սոլյարիի արդիականությունը եւ դրա նկատմամբ աճող պահանջարկը հայ հասարակության շրջանում` NEWS.am-ը հարցումներ է անցկացրել այս ծառայությունն առաջարկող կենտրոնների շրջանում եւ փորձել պարզել գները, պայմանները եւ այլ մանրամասներ:

Սոլյարիի ծառայություններ առաջարկող կենտրոններից NEWS.am-ին հայտնեցին, որ այն խիստ ինդիվիդուալ է` սկսած, թե քանի րոպե է անհրաժեշտ ամբողջ մարմնի թխանալու համար եւ թե ինչքան կպահպանվի արեւայրուքը: Ամբողջությամբ թխանալու համար մեկ այցելությունը բավական չէ, պետք է այցելել մեկ շաբաթ եւ օրեցօր մի քանի րոպե ավել ընդունել ուլտարամանուշակագույն ճառագայթները: Արեւայրուքը պահպանվում է 1-1,5 ամիս` կախված մաշկի որակից:

Սոլյարի ծառայություն իրականացնող կենտրոններում, հիմնականում աշխատում են ոչ մասնագետներ, օրինակ` ադմինիստրատորները միացնում եւ անջատում են ապարատը:

Ինչ վերաբերում է գներին, ապա ասենք, «Sunlux» կենտրոնում սոլյարիի մեկ րոպեն առավոտյան ժամը 10.00-11.00-ին արժե 150 դրամ, իսկ 11.00-21.00-ին` 200 դրամ: Այս կենտրոնում սոլյարի կուրսը մեկ շաբաթ է, առաջին այցելությունը` 8 րոպե տեւողությամբ, իսկ մնացած այցերին  պրոցեդուրայի րոպեներն ավելանում են:

Ընդհանուր առմամբ` սոլյարիի գներն սկսվում են 15.000 դրամից: «Sunlux»-ի այցելուները 16 տարեկանից բարձր աղջիկներն են, կանայք եւ տղամարդիկ, ովքեր, կենտրոնի փոխանցմամբ, հիմնականում գալիս են բժիշկիների ցուցումով:

«Էնջլ» գեղեցկության կենտրոնում սոլյարիի մեկ րոպեն արժե 400 դրամ: Կենտրոնից  մեզ հայտնեցին, որ 6 անգամ այցելելով եւ ամեն անգամ 3 րոպե ստանալով ճառագայթները` կարելի է թխանալ, բայց դա, իհարկե, կախված է մաշկի որակից: Սոլյարի գինը այստեղ սկսվում է 8000 դրամից: «Էնջլի» այցելուները 25-30տ իգական սեռի ներկայացուցիչներն են: «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում սոլյարիի նվազագույն ժամանակը 15 րոպեն է, որը արժե 6500 դրամ: «Ավանտա» բժշկական կենտրոնում սոլյարիի մեկ րոպեն արժե 150 դրամ, 4-6 անգամ պետք է հաճախել ամբողջությամբ թխանալու համար` ամեն այցելությանը րոպեները ավելանում են մինչեւ 15 րոպե: Ընդհանուր արժեքը կարող է կազմել 7000-10.000 դրամ:

Ի դեպ, մեկ հետաքրքիր փաստ` կապված արեւայրուքի հետ: Հունական պոետ Օվիդիոսը «Սիրո գիտություն» գրքում սիրեցյալին գրավելու անպարտելի միջոց է համարել արեւայրուքը: Հիպոկրատին հայտնի են եղել դրա բուժիչ հատկությունները, իսկ հունական առնական տղամարդկանց մարմինը, որ գեղեցկության խորհրդանիշ է համարվել, ծածկված է եղել մուգ երանգով, ինչը նրանց երկարատեւ մարզումների հետեւանքն է:

Կանանց մոտ լրիվ հակառակն էր, ամոթ էր ունենալ մուգ երանգավորման մաշկ, որը նշանակել ե, թե այդ կինը ավելի շատ ժամանակ է անցկացրել իր օջախից դուրս, դա ստրկուհիների «մենաշնորհն» էր: Ժամանակակից պատկերացումներ արեւայրուքի մասին հաստատել է Կոկո Շանելը քսաներորդ դարի սկզբին: Մի անգամ նա պատահաբար այրվել էր միջերկրյածովյան լողափերից մեկում, սակայն իրեն չի կորցրել եւ հայտարարել է. «Չկա ոչինչ սարսափելի, քան ասպիրինի գույնի մաշկը»:

Մեր հարցումները սոլյարիի ծառայություններ առաջարկող կենտրոնների շրջանում ցույց են տալիս, որ մեզանում շատերն են  փորձում հասնել երազած շոկոլադե ոսկեգույն մաշկին, բայց դժվար է ասել` սիրեցյալին գրավելու, թե ասպիրինի գույնի մաշկից սարսափելու համար:

Նշենք, որ ներկայումս սոլյարին կամ արհեստական թխությունը կատարվում է 2 տարբերակով` հորիզոնական եւ ուղղահայաց, այսինքն` պառկած կամ կանգնած: Հորիզոնական սոլյարիի ժամանակ գործածվում են միջին ուժգնության լամպեր` 15-20 րոպե տեւողության: Տուրբոսոլյարիի` ուղղահայաց սոլյարիի ժամանակ գործածվող լամպերն ավելի ուժեղ են, այդ պատճառով տեւողությունն ավելի կարճ է` 10-12 րոպե:

Հ.Գ. NEWS.am-ը առաջիկայում ձեզ կներկայացնի սոլյարիի դրական եւ բացասական կողմերը:

Տպել
Ամենաշատ