News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գյումրիի ոստիկանության երկրորդ բաժանմունքում հունիսի 26-ին ՝գիշերվա ժամը 23:45-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Կոմինտերնի փողոց 2-րդ նրբանցք, 13 տանը մահացել է տանտեր Արամայիս Կարապետյանին բուժօգնություն ցույց տվող վիրաբույժ 65-ամյա Աշոտ Գրիգորյանը:

Շտապօգնության գլխավոր բժիշկ Ռոբերտ Թորոսյանը NEWS.am-ի թղթակցի հայտնել է, որ տանտիրոջ կամ հիվանդի որդին՝ 28-ամյա Արտակ Կարապետյանն  է ծեծելով սպանել բժշկին:

«Երբ հասել են թաղամաս, 200 մետի վրա տանտիրոջ որդին կանգնած է եղել: Նա նստել է շտապօգնության մեքենան, որ տան տեղը ցույց տա: Սկսել է հայհոյել, հետո բացել է դուռը եւ ընթացքի ժամանակ դուրս նետվել: Դրանից հետո նա մեքենան կանգնեցրել է, դուռը բացել, բժշկին քաշել գցել է գետին ու սկսել է ծեծել»,-պատմել է Ռոբերտ Թորոսյանը:

Նրա ներկայացմամբ, տանտիրոջ որդին բժշկին ծեծել է հինգ անգամ՝ երեք անգամ մինչեւ տուն մտնելը, «բայց խումբը հետ չի վերադարձել, քանի որ վախեցել է, որ հիվանդը կարող է մահանա: Բուժօգնություն ցուցաբերվել է, հետո , երբ փորձել են վերադառնալ, նորից է սկսել ծեծել»: Միջամտել են նաեւ շտապօգնության մեքենայի վարորդն ու բուժքույրը, բայց նրանց եւս Արտակ Կարապետյանը հարվածել է:

«Ինձ էլ խփեց, դեմքիս վրա հետքեր կան, բայց սրա համար պատասխան է տալու», թղթակցի հետ զրույցում պատմել է դեպքին ականատես վարորդը՝ Սարգիս Կարապետյանը: Նրա խոսքերով, այն ժամանակ , երբ նստել են մեքենա հետ վերադառնալու, դարձյալ Արտակ Կարապետյանը կանգնել է մեքենայի դիմաց, չի թողել, որ մեքենան շարժվի: Հետո նորից է բժշկին դուրս քաշել մեքենայից ու քարշ տալով աստիճաններով՝ բարձրացրել է տուն:

«Այնքան է խփել, ծեծել, որ բժշկի կոշիկները դուրս են թռել ոտքերից, չի թողել անգամ, որ կոշիկները հագնի: Հետո ոստիկաններն են գտել կոշիկը»,-հավաստել է շտապօգնության գլխավոր բժիշկ Ռոբերտ Թորոսյանը:

Շտապօգնության գիշերային հերթապահ Հերմինե Գեւորգյանի խոսքով, ինքն անհանգստացել է, որ կապի միջոցով իրեն չեն պատասխանել, հետո բուժքույրը զանգահարել ու ասել է, որ իրենք պատանդ են մնացել: «Գիտեք ես չգիտեմ էլ, թե ինչի, խումբը նույնիսկ չի էլ ուշացել, ճանապարհի վրա էին, կանչից էին գալիս: Ասացի մտեք այդ մեկն էլ սպասարկեք: 2 րոպե հետո կանչը սպասարկվել է, փաստաթղթերը կան: Բուժքույրը, որ զանգեց, ասաց բժիշկը վատ է, նոր խումբ ուղարկեք, ուղարկեցի, մինչեւ հասավ խումբը մեր բժիշկը մահացած է եղել»,-պատմել է հերթապահ Հերմինե Գեւորգյանը:

Այս պահի դրությամբ, դեպքի առթիվ քրեական գործ հարուցված չէ եւ 3 հոգու ծեծի ենթարկած Արտակ Կարապետյանը կալանավորված չէ: Շիրակի մարզի քննչական վարչությունից հայտնել են, որ սպասում են դատաբժշկական փորձաքննության եզրակացություններին:

«Ի՞նչ իմանանք ծեծի հետեւանքով է մահացել, կարող է հանկարծամահ է եղել, սպասում ենք փորձաքննության եզրակացությանը»,-ասել է այդ գործով զբաղվող ավագ քննիչ Վահրամ Բեյբությանը: «Դեմքի վրա չկան այնպիսի հետքեր, որ եզրակացնենք, թե բժշկի մահը վրա է հասել հենց ծեծի արդյունքում»:

Նշենք, որ ծեծի եւ բռնության գործադրումը եւս քրեորեն պատժելի արարք է, սական այս փաստի առթիվ եւս քրեական գործ չի հարուցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ