News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում ՌԴ դեսպանի եւ Սյունիքի մարզպետարանի միջեւ նախօրեին ստորագրված համագործակցության վերաբերյալ արձանագրութունը, որով համաձայնություն է ձեռք բերվել Կապանում ռուսաց լեզվով դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծել, ապօրինի է եւ հակասում է Հայաստանի օրենսդրությանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, հավելելով, որ դրանով նաեւ արհամարհվում է մեր ազգային հարստությունը՝ լեզուն։

«Ռուսական գիմնազիա բացելու լուրն ինձ համար անսպասելի չէր, ավելին, դեռ շատ ականատես կլինենք արտառոց նմանատիպ այլ երեւույթների, օրենքով, կամ օրենքի խախտմամբ: Եթե այսպես շարունակվի, մի քանի տարի հետո Հայաստանը կհայտնվի նույն  վիճակում, որում մինչ 90-ական թվականներին էր, երբ ռուսական դպրոցները խեղդում էին երկիրը եւ տարեցտարի հայկական դպրոցների թիվը նվազում էր։ Եթե ռուսական գիմնազիա բացելու թույլտվություն տրվի, անկախ նրանից, թե ինչպիսին է օրենսդրությունը, մնացածին եւս ձեւականորեն օրենսդրական բնույթ կտրվի։ Նույնիսկ եթե Կապանում ռուսական գիմնազիա բացելու վերաբերյալ արձանագրությունն այսօր օրենքի պահանջներին չի համապատասխանում, միեւնույն է, այն կօրինականացվի եւ հետին թվով կհամապատասխանեցվի օրենսդրությանը։ Սա շատ ցավալի է, բայց սա ընդամենը սկիզբն է»,- նկատեց իրավապաշտպանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության հետ համատեղ հանդես կգա որոշումը դատապարտող ակցիաներով (նախաձեռնությունից տեղեկացրին, որ «դեռ քննարկում են, թե ինչ ակցիաներով պետք է հակազդեն տեղի ունեցած ակնհայտ ապօրինությանը»):

Հատկանշական է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւս տեղյակ է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի եւ Սյունիքի մարզպետարանի միջեւ նախօրեին ստորագրված համագործակցության վերաբերյալ արձանագրության էությանը, սակայն կարծում է, որ դրա շուրջ աղմուկ չարժե բարձրացնել։

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց անձամբ ինքը՝ ԿԳ նախարարը, «աղմուկը, որը որոշ մարդիկ փորձում են բարձրացնել այս հարցի շուրջ, որեւէ իրավական հիմք չունի»:

«Որքանով ես տեղյակ եմ, արձանագրությունը ցանկությունների կուտակում է եւ միջազգային կրթական ծրագիրը Հայաստանում կարող է իրականացվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ոչ մի ուրիշ այլ կերպ։ Հետեւաբար ակնհայտ է նաեւ այն մարդկանց համար, որ այս արձանագրությունը չի կարող հիմք ծառայել նման միջազային կրթական ծրագիր իրականացնելու համար»,- նկատեց ԿԳ նախարարը։

Հարցին, թե արդյո՞ք «ցանկությունները» կարող են հակասել կամ դուրս լինել Հայաստանի օրենսդրությունից, Արմեն Աշոտյաննն  ասաց. «Ձեր հարցադրումները դուրս են ԿԳ նախարարին ուղղվող հարցադրումների ոլորտից։ Եթե ռուսական կողմը Կապանում ավագ դպրոց բացելու ցանկություն է հայտնում եւ Կապանի տեղական իշխանությունները համաձայն են դրան, ապա դա ցանկությունների ինչ-որ թուղթ է, որի տակ ստորագրում են երկու մարդիկ»,- նշեց նախարարը։

Զրուցեցինք նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, ով հազիվ լսելով հարցը, ասաց, որ չի կարող պատասխանել եւ համար փոխանցեց՝ պնդելով երկուշաբթի իրենք «ֆաքս անել»:

Հատկանշական է, որ դեռեւս 2010-ի ամռանը Սյունիքի մարզպետը «Առավոտ» թերթին ասել էր, որ դեմ է օտարալեզու դպրոցների բացմանը: «Օտարալեզու կրթությունը ո՞րն է, հիմա դպրոցում անգլերեն չե՞ն անցնում: Եթե մեկն ուզում է իր երեխան անգլերեն սովորի, թող տանի վճարի, սովորեցնի: Մենք այսօր էլ աշխարհի բարձրակարգ բուհերում ունենք ուսանողներ, որոնք հետ չեն մնում ոչ մեկից թե’ իրենց լեզվով, թե’ գիտելիքով: Դրա համար պարտադիր չէ, որ նրանք օտարալեզու դպրոց ավարտեն»:

Նշենք, որ Հայաստանում ՌԴ դեսպանատան եւ ՀՀ Սյունիքի մարզպետարանի միջեւ ստորագրվել է համագործակցության վերաբերյալ նկատառումների արձանագրություն, որով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ռուսաց լեզվով դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծելու վերաբերյալ:

Իսկ ահա «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` նման ուսումնական հաստատություն «կարող է ստեղծվել բացառապես կառավարության որոշմամբ կամ օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացվել միայն ոչ պետական ուսումնական հաստատություններում, ինչպես նաեւ` միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատություններում»: Այս առնչությամբ հարցապնդումներով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին է դիմել «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Հատկանշական է, որ արձանագրության շուրջ բուռն քննարկումներ է ծավալվել նաեւ Facebook սոցիալական ցանցում։ 

 

Անի Ղազարյան

Տպել
Ամենաշատ