News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեկ տարի տեւած համառ պայքարից հետո Նոր Նորքի բնակիչները վերջապես հաղթանակ տարան` պահպանելով Վիշապների պուրակը եւ փրկելով այն բարձրահարկ շենքով կառուցապատումից:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտնում է, որ այս քաղաքացիական հաղթանակը հնարավոր դարձավ հատկապես տեղի բնակիչների վճռականության, ակտիվ երիտասարդների ու բնապահպանների, ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Ստեփան Սաֆարյանի եւ շատ ու շատ այլ մտահոգ քաղաքացիների շնորհիվ:

«Շնորհակալություն բոլորին քաղաքացիական դիրքորոշման եւ սեփական իրավունքներին տեր կանգնելու այս եզակի օրինակի ու հաղթանակի համար: Շաբաթ օրը` օգոստոսի 27-ին ժամը 17:00-ին, Վիշապների պուրակին կից ապրող բնակիչների հետ տոն ենք կազմակերպում այգու փրկության կապակցությամբ: Բոլորին սրտանց հրավիրում ենք` նշելու Վիշապների պուրակի փրկությունը, երաժշտության, լուսանկարների ցուցահանդեսի, երեխաների համար խաղերի եւ այլ ինքնաբուխ մշակութային համարների միջոցով»,- ասված է հայտարարության մեջ:

Նախաձեռնությունը նաեւ ներկայացրել է դեպքերի ժամանակագրությունը.

- Նախկինում ապօրինաբար սեփականաշնորհվել էր Վիշապների պուրակ հանրային այգին,

- Այդուհանդերձ վկայականում նշված էր, որ այն կարող է միայն ժամանցի գոտի լինել,

- Չնայած դրան ու բնակիչների կտրուկ անհամաձայնությանը` կառուցապատող ֆիրման 2010թ. նոյեմբերին ներխուժում է այգի եւ շինարարություն սկսում` վնասելով ծառերը,

- Նշված ֆիրման բացի բազմաթիվ այլ իրավախախտումների շինարարություն սկսելու համար չուներ բնապահպանական մարմնի դրական եզրակացությունը,

- Տեսնելով, որ իրենց բողոքները մնում են անարձագանք` բնակիչները մի քանի օր անց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի աջակցությամբ հանում են շինհրապարակի ցանկապատներն ու ազատագրում այգին,

- Քաղաքացիների պահանջով ստիպված այգի են ժամանում ՀՀ բնապահպանության նախարարը եւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը եւ խոստումներ տալիս, որ կքննեն հարցը,

- Մեկ շաբաթ անց բնակիչները համատեղ ծառատունկ են իրականացնում այգում` վերահաստատելով իրենց վճռականությունը տեր կանգնելու պուրակին,

- Գարնանը բնակիչները դատական հայց են ներկայացնում` բողոքարկելով կառուցապատման որոշումները,

- Հարաբերական անդորրից հետո «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները պատահաբար պարզում են, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստվում է դրական եզրակացություն տալ,

- Պահանջելով եւ ստանալով հանրային լսումների փաստաթղթերը` նրանք ստուգում են մոտ հարյուր քաղաքացիների ստորագրություններ եւ պարզում, որ դրանց մեծ մասը կեղծված է, (պետական մարմինն ու կառուցապատող կազմակերպությունը պատրաստվում էին այս կեղծիքի հիման վրա դրական եզրակացություն տալ)

- Կեղծիքի մասին տեղեկացվում են լրատվամիջոցները եւ փաստերը փոխանցվում են դատախազություն.

- Արհամարհելով այս ամենը` 2011թ. հունիսի 22-ին կառուցապատող ֆիրման կրկին գրավում է Վիշապների պուրակը` ցանկապատելով այն եւ ձգտելով փաստի առաջ կանգնեցնել բնակիչներին,

- Երկու օրերի ընթացքում քաղաքացիական ակտիվիստները հեղեղում են Երեւանի քաղաքապետի ֆեյսբուքյան պատը` պահանջելով դադարեցնել շինարարությունը Վիշապների պուրակում,

- Երեկոյան ժամը 17:00-ին քաղաքապետը հրահանգում է դադարեցնել շինարարությունը, իսկ ավելի ուշ հայտարարում, որ Վիշապների պուրակը պահպանվելու է` փոխարենն առաջարկելով այլընտրանքային տարածք:

Տպել
Ամենաշատ