News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու համար: Այս մասին հայտարարել է ներկայումս ԵԱՀԿ-ում նախագահող երկրի` Լիտվայի ներկայացուցիչ, ԵԱՀԿ գործող նախագահի ձգձգված հակամարտությունների գծով հատուկ բանագնաց Գիեդրիուս Չեկուոլիսը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նրա խոսքով, բարի կամքի եւ վստահության մթնոլորտը ակտուալ է ոչ այնքան կողմերի եւ ԵԱՀԿ միջեւ հարաբերություններում, որքան ադրբեջանցիների եւ հայերի միջեւ շփումների ժամանակ:

«Հայաստան եւ Ադրբեջան կատարած մեր այցերի արդյունքում  մեզ մոտ տպավորություն է ստեղծվել, որ այնտեղ հասարակությունների միջեւ ակնհայտ անհամաձայնություն կա: Երկու երկրների իշխանություններն իրենց հասարակություններին չեն նախապատրաստում խաղաղության հնարավոր տարբերակներին, որոնք կարող են ձեռք բերվել բանակցությունների միջոցով»,-նշել է նա` համոզմունք հայտնելով, որ կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն լարվածության թուլացման համար:

«Մեր ներկայացուցիչները եւ անձամբ ես, ինչպես նաեւ մեր արտգործնախարարն այցելել են տարածաշրջան, եւ մենք բոլորս ընդգծել ենք, որ անհրաժեշտ է գտնել խնդրի լուծման համաձայնեցված քաղաքական տարբերակ, ուսումնասիրել շփման գծում տեղի ունեցող խախտումները եւ ամրապնդել զինադադարի ռեժիմը»,-շեշտել է լիտվիացի դիվանագետը:

Չեկուոլիսի խոսքով, կողմերը կարող են թեկուզ նվազ չափով հետ քաշել դիպուկահարներին, ստեղծել թեժ գիծ, որը կհեշտացնի դաշտային հրամանատարների շփումը. «Կարող են իրար հետ շփումներ սկսել հարեւան սահմանային գյուղերի բնակիչները, ովքեր ճանաչում են միմյանց, իսկ տարեց մարդիկ ավանդաբար մեծ հեղինակություն են վայելում այդ ժողովուրդների շրջանում: Այնուհետեւ նրանց կարող են միանալ երիտասարդները: Մի խոսքով, պետք է ինչ-որ բան անել սովորական քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն փոխադարձ վստահության ձեւավորմանը»:

Հատուկ բանագնացը նաեւ շեշտել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը մեծ լծակներ ունեն, նրանք կարող են տեղաշարժել զորքերը, կարող են կարգադրել, որ դիպուկահարներն, օրինակ 3-4 ամսով, իսկ հետո կես տարով հեռացվեն շփման գծից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ