«Նարեկացի» արվեստի միությունը սեպտեմբերի 5-ին նշել է իր 7-ամյա հոբելյանը` ընկերների ու համախոհների հոծ բազմությամբ շրջապատված:

Միության տարեդարձը շնորհավորելու էին եկել սպասվածից ավել հյուրեր` արվեստի եւ մշակույթի բազմաթիվ գործիչներ, գործարարներ, հասարակական գործիչներ, ովքեր շնորհավորելով միության տարեդարձը` իրենց ելույթներում բարձր են գնահատել «Նարեկացի»-ի դերն ու ավանդը հայ մշակույթի զարգացման գործում:

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը «Նարեկացի» արվեստի միության նախագահ եւ հիմնադիր Նարեկ Հարությունյանին է շնորհել Մշակույթ նախարարության բարձրագույն պարգեւը` ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալը` հայ մշակույթի զարգացման եւ տարածման ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար:

«3000 միջոցառում, 2000 շահառու արվեստագետներ», - նշել է փոխնախարարը` վկայակոչելով Միության իրականացրած տպավորիչ գործունեությանը, որ ներառում է շուրջ երկու տասնյակ արժեքավոր ձայնասկավառակների, պոեզիայի ժողովածուների ու գեղարվեստական ալբոմների հրատարակում, համերգների, ցուցահանդեսների ու վարպետության դասերի շուրջ 30 մշտական շարքեր եւ մեկ տասնյակից ավել հատուկ նախագծեր, ինչպիսիք են` Կամերային երաժշտության Հայաստանի անդրանիկ ընկերության հիմնադրումը/2005/, «Նարեկացի» երիտասարդ կոմպոզիտորների մրցանակաբաշխությունը /2006/, Բարոկ երաժշտության առաջին միջազգային փառատոնը Հայաստանում եւ տարածաշրջանում /2005, 2007/, Արամ Մանուկյան ամառային Ճամբարը` Միության Շուշիի կենտրոնին կից /2008/, Ազգային փոքրամասնությունների երաժշտության օրերը Հայաստանում/2007, 2008/, Համշենահայության մշակույթի շաբաթը /2008/, Թավջութակի երաժշտության հանրապետական անդրանիկ փառատոնը /2008/, Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Երեւանում եւ Շուշիում /2009/, Շուշիի <<Հակոբ Գյուրջյան>> քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը /2011/ եւ այլն:

Հոբելյանական համերգին կատարումներով հանդես են եկել Վահան Արծրունին, Ռուբեն Հախվերդյանը, Հասմիկ Բաղդասարյանը, Լեւոն Կարապետյանը, «Սպեղանի» աղջիկների երգչախումբը, Գյուրջիեւի անվան անսամբլը եւ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը:

Նշենք, որ երեւանյան հոբելյանից ընդամենը մի քանի օր առաջ` օգոստոսի 31-ին, նաեւ լրացել էր Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնի 5-ամյակը: Կենտրոնի տարեդարձը շնորհավորելու էին եկել Շուշիի քաղաքապետ Կարեն Ավագիմյանը, Շուշիի շրջվարչակազմի մշակույթի բաժնի պետ Անահիտ Եսայանը, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու քահանա Տեր Անդրեասը, հյուրեր Արցախից եւ Հայաստանի Հանրապետությունից: