News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ի երեկոյան երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին սպասվում է տոնական համերգ եւ հրավառություն:

Սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսում բեմադրիչ-ռեժիսորը հայտարարել է, որ դա կլինի «Հերոսական բալլադ»` Հայաստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչ օրս: Բեմադրությանը կմասնակցեն մոտ 400 դերասան, գործողությունները ծավալվելու են միաժամանակ մի քանի բեմահարթակներում: Հարմարավետության համար տեղադրվելու են 20 մետր բարձրության էկրաններ: ՆԳՆ շենքը եւ կառավարությունը եւս ծառայեցվելու են որպես էկրաններ: Հեռուստադիտողները կտեսնեն գրաֆիկական եռաչափ պատկերներ, լազերային շոու: «Իր մասշտաբով դա առաջին է Հայաստանում»,-շեշտել է Արամ Սուքիասյանը` հավելելով. «Ուրախությամբ նշեմ, որ սարքավորումների մեծ մասը մնալու է երկրում: Նման սարքավորումները ստիպված ենք լինում վարձակալել: Այդ անգամ նպատակահարմար ենք գտել գնել»:

Ռեժիսորը հայտնել է, որ սարքավորումները բերվել են Ֆրանսիայից: Ներկայացումը տեւել է 1 ժամ 20 րոպե: Այն կանցկացվի դասական երաժշտության ուղեկցությամբ: Հանդես կգա Պետական ֆիլարմոնիկ նվագախումբը, պետական ակադեմիական երգչախումբը, Հայաստանի Հանրապետության նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը, Հայաստանի պետական «Բարեկամություն» անսամբլը եւ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական թատրոնը:

Համերգի կազմակերպիչներն են հայկական «Ինվիտերո փրոդաքշնը» եւ «Պրոլայթինգ» ընկերությունները, իսկ տեխնիկական սպասարկումն իրականացնում է ֆրանսիական «Աժանս փաբլիք» եւ «Աքվատեկ շոու» ընկերությունները:

Անցկացվել են նաեւ աշխատանքներ շատրվանների մոդեռնիզացման ուղղությամբ: Եթե անցյալ տարի դրանց բարձրությունը հասնում էր 8 մետրի, ապա այժմ կհասնի 25 մետրի:

Համերգից հետո տեղի կունենա տոնական հրավառություն: Նախագծի գեղարվեստական ղեկավար Արման Ծատուրյանը հայտնել է, որ հրավառությունը լինելու է աննախադեպ «քանակով եւ որակով» եւ կտեւի ավելի քան 10 րոպե:

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների գլխավոր գործընկերներն են Երեւանի կոնյակի գործարանը, ԳեռՊրոՄայնինգ ընկերությունը, «Նեւա-Ռուս» ներդրումային ընկերության ներկայացուցիչը Հայաստանում` (ԱՐՄ) Լիմիթեդ Ընկերության հայաստանյան մասնաճյուղը և «Մետէքսիմ» ընկերությունը, հովանավորներն են «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը և «Ապավեն» ընկերությունը, իսկ աջակիցն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ